«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը»՝ ըստ Նիկոլ Փաշինյանի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, իր խոսքով, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նորոգման ճանապարհային քարտեզը «Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ՝ խմբ.) հեռացումից հետո»:

«Քարտեզը.
1․ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։

2․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնագրքի ընդունում. Կանոնագիրը պետք է անդրադառնա․

  • ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգեւորականի բարեվարքության կանոններին եւ դրանց ապահովման երաշխիքներին,
  • բ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ֆինանսական թափանցիկությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
  • գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ապաքաղաքական լինելու անհրաժեշտությանը եւ դրա ապահովման երաշխիքներին,
  • դ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեության համապատասխանությանը ՀՀ Հարկային օրենսդրությանը եւ դրա ապահովման երաշխիքներին․ ՀՀ օրենսդրությունը իր հերթին կնախատեսի երաշխիքներ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունից գոյացած եւ պետական բյուջե վճարված հարկերը եւ տուրքերը ամբողջությամբ կվերադարձվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն,
  • ե) հոգեւոր ծառայողների սոցիալական երաշխիքներին եւ դրանց ապահովման երաշխիքներին այնպես, որ հոգեւոր ծառայողները կուտակային կենսաթոշակային համակարգից, եկամտային հարկի վերադարձից, սոցիալական կրեդիտներից, առողջապահության համընդհանուր ապահովագրությունից լիարժեք օգտվելու հնարավորություն ստանան (ներկայումս հոգեւոր ծառայողների հիմնականում չեն օգտվում այդ համակարգերից, վարձատրության արձանագրված համակարգ չունենալու պատճառով)։

3․ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություններ՝ համաձայն նոր Կանոնագրքի»,- ասվում է հաղորդագրությունում:

Փաշինյանը հավելել է, թե կանոնագիրը քննարկում եւ ընդունում է նման իրավասություն ունեցող եկեղեցական մարմինը, իսկ տեղապահի միջնորդության դեպքում Կառավարությունը խորհրդատվական աջակցություն կցուցաբերի նախագծի մշակման աշխատանքներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն