civilnet.am։ Վրաստանից հերքում են ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունները, թե «մաքսային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան երկաթուղով վառելիքի մատակարարմանը»։
Վրաստանը տուրքեր չի գանձի Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի առաջին տարանցիկ փոխադրման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը։
«Դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկերներից հայտ է ստացել՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ «Վրացական երկաթուղուն» հանձնարարվել է անհապաղ, միանվագ կարգով, երկաթուղային փոխադրումն իրականացնել լիովին անվճար»,- ասված է նախարարության տեղեկատվության մեջ։
Գերատեսչությունից նշել են, որ Վրաստանը եղել և մնում է Հայաստանի և Ադրբեջանի ռազմավարական ու հուսալի գործընկերը, ինչպես նաև աջակցում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։
Նոյեմբերի 6-ին և 8-ին Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Ռուսաստանից և Ղազախստանից երկաթուղով ցորեն է ներկրվել Հայաստան։ Դա վերջին 35 տարվա ընթացքում առաջին երկաթուղային փոխադրումն էր։
Դեկտեմբերի 6-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում «Հայաստան-Ադրբեջան տևական խաղաղություն. Վաշինգտոնյան համաձայնագիրը և համատեղ ապագան» թեմայով պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ քննարկվում է նավթի և նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան։