Հայաստանի ջրային կոմիտեի նախագահն այցելել է Թեհրան

Հայաստանի ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում մասնակցել է «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի նախարարական մակարդակի ամենամյա՝ արդեն 14-րդ նիստին։

Այս մասին նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ԻԻՀ էներգետիկայի նախարար և RCUWM Կառավարման խորհրդի նախագահ Աբբաս Ալի Աբադիի հրավիրած նիստի ընթացքում քննարկվել են աշխարհում քաղաքային բնակչության աճի ազդեցությու սահմանափակ ջրային ռեսուրսների վրա, կլիմայի փոփոխությունը և դրա ազդեցությունը ջրի որակի, կառավարման և ջրային ցիկլի վրա, ջրային պաշարների նվազումը և համակարգված միջազգային արձագանքման անհրաժեշտությունը։

Ջրային կոմիտեի նախագահն իր ելույթում նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր կառուցողական մասնակցությունը տարածաշրջանային կենտրոնի աշխատանքներին, այդ թվում՝ ուղղված ընդհանուր ջրային անվտանգության ամրապնդմանը տարածաշրջանում։

Արամազդ Ղալամքարյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանային ջրային խնդիրների արդյունավետ լուծումը տեսնում է համադրված գործողությունների, փոխլրացնող փորձագիտական կարողությունների և երկարաժամկետ ռազմավարական համագործակցության ճանապարհով։

Հաղորդվում է, որ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի ուղեկցությամբ՝ Ղալամքարյանը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների կենտրոնում մասնակցել է «Ջրարդյունաբերության, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի» 21-րդ միջազգային ցուցահանդեսին, ծանոթացել իրանական առաջատար ընկերությունների կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումներին, ծառայություններին և արտադրանքին, գնահատել դրանց հնարավոր կիրառելիությունը Հայաստանի ջրային ենթակառուցվածքների արդիականացման տեսանկյունից, ստեղծել կապեր՝ հետագա հնարավոր գործակցության համար։

Նշվում է, որ Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչը այցելել է նաև Իրանի հիդրոէներգետիկ ռեսուրսների զարգացման ընկերություն, որը ջրամբարների և էներգետիկ ենթակառուցվածքների խոշորագույն շինարարն է Իրանում։

Իրանի Էներգետիկայի նախարարության ղեկավարների հետ Ղալամքարյանը քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ «Քաղաքային ջրային կառավարման տարածաշրջանային կենտրոնի» (RCUWM) Կառավարման խորհրդի հաջորդ նիստը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն