Արգելված ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության դեպքեր են բացահայտվել

Գեղարքունիքի մարզում վերջին օրերին բացահայտվել են սիգի ապօրինի որսի և փոխադրման դեպքեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 20-ից ՆԳՆ ոստիկանությունը արգելված ժամանակահատվածում սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման և դրա վաճառքը կանխելու ուղղությամբ ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները դեկտեմբերի 6-ին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Պարզվել է, որ Սևան քաղաքի բնակչի վարած մեքենայի բեռնախցիկում ապօրինի որսած սիգ կա: Վարորդը և ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժին, որտեղ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 82 սիգ: Ապօրինի ձկնորսության հաջորդ դեպքը ջրային պարեկները բացահայտել են դեկտեմբերի 7-ին: Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 6-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցվել է Նորատուս գյուղի բնակչի վարած «ՎԱԶ» մակնիշի մեքենան: Կրկին պարզվել է, որ բեռնախցիկում ապօրինի որսած սիգ տեսակի ձկներ կան: Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանմության Սևանի բաժին: Ստուգմամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 154 սիգ: Նշված դեպքերով կատարվում է քննություն։ Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 1-ը արգելվում է Սևանա լճում զբաղվել ձկնորսությամբ։ Որսի կանոնները խախտելու, ինչպես նաև ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն