Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, թե «օրերս Բրյուսելում ստորագրված ԵՄ-Հայաստան ռազմավարական օրակարգի մասին փաստաթուղթը հակասում է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին»:
«Փաստաթղթի նախաբանում և դրա մի շարք այլ հոդվածներում կիրառվող «Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո փախստական դարձած Ղարաբաղի հայեր» արտահայտությունը, որ վերաբերում է Ադրբեջանի վերաինտեգրման պլանից հրաժարվելուց հետո կամավոր կերպով Հայաստան տեղափոխված մարդկանց, ինչպես նաև այս հարցի ընդգրկումը ԵՄ և Հայաստանի հարաբերությունների առաջնահերթությունների թվում, այդ մարդկանց բնորոշումը որպես «փախստականների», Ադրբեջանի հանդեպ ակնհայտ կողմնակալ վերաբերմունքի դրսևորում է»,- պնդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
Նշենք, որ փաստաթղթի ներածության մեջ նշվում է. «Հատուկ ուշադրություն կդարձվի նաև Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո տեղահանված Ղարաբաղի հայերի [․․․] կարիքների բավարարմանը և սոցիալ-տնտեսական ներառմանը նպաստելուն»: Փաստաթղթի այլ հատվածներում ևս գործածված են «փախստականներ», տեղահանված հայեր» տերմինները:
Փաստաթղթի «Տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման» կետի ներքո նշվում է. «Աջակցել Արդարադատության միջազգային դատարանի բոլոր համապատասխան որոշումների լիարժեք, անհապաղ և արդյունավետ կատարմանը»:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, թե այս կետում խոսքը Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերի մասին է՝ հայտարարելով, թե փոխադարձ հայցերի թեման «բացառապես երկկողմ հարաբերություններին է վերաբերում»։
Պաշտոնական Բաքուն բողոքում է նաև, թե ադրբեջանական բանտերում գտնվող հայերը Երևանի և Բրյուսելի մեջ ստորագրված փաստաթղթում անվանվում են «գերեվարված անձինք»։
ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթում Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց վերաբերող կետում նշվում է. «Շարունակել հանդես գալ ի պաշտպանություն հայ բանտարկյալների և այլ կալանավորված անձանց ազատ արձակման և ջանքեր գործադրել կարգավորելու չլուծված մարդասիրական խնդիրներն, այդ թվում՝ անհետ կորած անձանց ճակատագիրը և բռնի անհետացումները՝ որպես վստահության ամրապնդման միջոցներ»:
Բաքուն դժգոհություն է հայտնել նաև այն կետից, որ ԵՄ-ն աջակցելու է «տարածաշրջանում ներառական տարածաշրջանային տրանսպորտային կապի զարգացմանը երկրների ինքնիշխանության և ազգային իրավազորության շրջանակում, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան, որը նաև ընկած է Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում»:
Բաքուն, մասնավորապես, դժգոհ է, որ ԵՄ-Հայաստան ռազմավարական փաստաթղթում որևէ հիշատակում չկա TRIPP-ի մասին, նշում են, թե դրա փոխարեն «հիշատակվում է տարածաշրջանային կոնսենսուսից զուրկ հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։
«Նման իրավիճակը հարցեր է առաջացնում Հայաստանի կողմից TRIPP նախագծի կյանքի կոչման հետ կապված»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Փաստաթղթում նաև նշվում է, որ կապահովվի «Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) լիարժեք գործառնական հնարավորությունները՝ նպատակ ունենալով դիտարկել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով անվտանգության իրավիճակը, և հաշվետվություն ներկայացնել դրա վերաբերյալ, նպաստել Հայաստանի՝ հակամարտությունից տուժած տարածքներում մարդկանց անվտանգության ապահովմանը և ձևավորել վստահություն՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։ Աշխատանքներ տանել ՀԵՄԱ-ի ներկայությունը հնարավորինս երկարաժամկետ պահպանելու ուղղությամբ»:
Բաքուն այս մասով ևս «անհանգստություն է հայտնել»՝ հիշեցնելով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Թրամփի միջնորդությամբ նախաստորագրված համաձայնագրի 7-րդ հոդվածը, ըստ որի՝ կողմերը պարտավորվում են որևէ երրորդ ուժի ներկայացուցիչների չտեղակայել սահմանի երկայնքով:
«Հավելյալ անհանգստություն է առաջացնում, որ Ադրբեջանի դեմ որպես քարոզչական գործիք օգտագործվող Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) գործունեությունը դադարեցնելու փոխարեն Երևանն ու Բրյուսելը այդ առաքելության ներկայության պահպանումը և դրա օպերատիվ գործունեությունը առաջնահերթություն են համարում»,- հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Ադրբեջանական գերատեսչությունը եզրափակել է, թե փաստաթղթում «ռազմական և պաշտպանական թեմաների շեշտադրումը նպաստում է Հայաստանի ռազմականացմանը»:
Հիշեցնենք, որ 2025թ. դեկտեմբերի 2-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ստորագրել են համագործակցության նոր՝ ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի փաստաթուղթը։