armenpress.am Բեռլինում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գերմանիայի նախագահ Ֆրանկ֊Վալտեր Շտայնմայերի հանդիպումը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունենում ԳԴՀ նախագահի նստավայրում` «Բելվյու» պալատում։ Պաշտոնական դիմավորումից ու արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։
ՀՀ վարչապետի և ԳԴՀ նախագահի հանդիպումը սկզբում անցկացվում է առանձնազրույցի ձևաչափով, որին հաջորդելու է ընդլայնված կազմով հանդիպումը։
Գերմանական կողմից հանդիպմանը մասնակցում են Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորթե Դինգերը, Արտաքին գործերի դաշնային նախարարության պետքարտուղար Գեցա Անդրեաս Ֆոն Գեյերը, Դաշնային նախագահի օգնական Մարիոն Ափելը և այլք։
Հանդիպմանը հայկական պատվիրակության կազմում մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և այլք։
Հանդիպման օրակարգում Հայաստան-Գերմանիա հարաբերությունների զարգացմանն ուղղված ընդգրկուն հարցեր են։