ՀՀ նախագահը ջրային կոմիտեի նոր նախագահի հետ քննարկել է Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագիրը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ջրային կոմիտեի նորանշանակ ղեկավար Արամազդ Ղալամքարյանին․ հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի հրատապ խնդիրները, կոմիտեի առաջնահերթությունները և Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ռազմավարական ծրագիրը։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից․

«Հանդիպման ընթացքում Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է կոմիտեի ընթացիկ գործունեության, առկա իրավիճակի և առաջնահերթ գործողությունների վերաբերյալ տեղեկություններ։ Ընդգծվել է, որ այս չափազանց կարևոր ենթակառուցվածքային ոլորտում կան մի շարք հրատապ խնդիրներ, որոնց լուծումը դարձել է կենսական անհրաժեշտություն։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը կարևորել է կոմիտեի հետևողական և համակարգված աշխատանքը՝ ընդգծելով ջրային ռեսուրսների պահպանության, դրանց արդյունավետ կառավարման և կայուն օգտագործման ուղղությամբ ջանքերի ակտիվացումը։ Նա նշել է, որ ջրային ոլորտի բարեփոխումները Հայաստանի սոցիալ-տնտեսական և տարածքային զարգացման կարևոր բաղադրիչներից են։

Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման ծրագրին, որը ներառված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ընթացիկ տարվա հեռուստամարաթոնի առանցքային նպատակների շարքում։ Քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքը, դրա ռազմավարական նշանակությունը և այն ակնկալիքները, որոնք վերաբերում են ջրամատակարարման անվտանգության բարձրացմանը։

Հանդիպման ավարտին շեշտվել է ջրային ոլորտում ընթացիկ ծրագրերի կենսական կարևորությունը և դրանց արդյունավետ, ժամանակին իրականացումը ապահովելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն