factor.am: Դոհայում տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Euronews-ին պատմել են երկու երկրների միջև խաղաղության գործընթացի և այն համատեղ ապագայի մասին, որին պետք է ձգտեն երկրները։ Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ տասնամյակներ տևած հակամարտությունից հետո Հարավային Կովկասի ամբողջ լանդշաֆտը վերափոխելու համար համատեղ աշխատելու հարցում։
Euronews-ը նշում է, որ տարածաշրջանում, որտեղ մինչև վերջերս անհնար էր թվում հաշտեցումը և երկար ժամանակ պատերազմով էր մթագնված, երկու երկրները գտել են ընդհանուր լեզու ոչ միայն խաղաղության, այլև Եվրասիական տարածաշրջանի տնտեսական զարգացումը վճռականորեն խթանելու համար համատեղ աշխատելու համար։
Նշվում է, որ առաջին անգամ երկու երկրների ղեկավարությունը ներկայացնող առանցքային բանակցողները Դոհայում տված համատեղ բացառիկ հարցազրույցում քննարկել են, թե ինչպես է սկսվել նախկին թշնամիների միջև խաղաղության գործընթացը և ինչպես են երկու կողմերը շարունակում «վստահության պատին ևս մեկ աղյուս ավելացնել»՝ անցնելով ակտիվ տնտեսական համագործակցության և թողնելով պատերազմի ողբերգական գլուխն անցյալում։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել են, որ բանակցությունները սկսվել են 2020 թվականին՝ երկու երկրների միջև վերջին առճակատումից հետո։ Այս գործընթացը ստացել է Եվրոպական Միության աջակցությունը և ավարտվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև պատմական խաղաղության համաձայնագրով, որը ստորագրվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ։
Ըստ հրապարակման՝ առաջին անգամ հրապարակային հարցազրույցի ժամանակ իր գործընկերոջ կողքին նստած՝ Հաջիևն ընդգծել է, որ երկու կողմերն էլ «լավ հնարավորություն ունեին հանդիպելու» Բրյուսելում, որից հետո երկրների ղեկավարությունը որոշեց շարժվել դեպի խաղաղություն և «մի կողմ դնել նախկին տարաձայնությունները»։
Արմեեն Գրիգորյանը Euronews-ին ասել է, որ «առաջնորդները մտածում էին, թե ինչպես խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան», և դա հանգեցրել է՝ «ինչպես ինստիտուցիոնալացնել խաղաղությունը և առաջ շարժվել» քննարկմանը։
«Սա մեծ հաջողություն է, և մենք այն նշում ենք»,- Euronews-ին ասել է Հայաստանի ներկայացուցիչը։
«Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում։ Բայց մենք աշխատում ենք դրա ուղղությամբ։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ դա ևս մեկ աղյուս է պատի մեջ՝ արտահայտության դրական իմաստով։ Մենք աշխատում ենք դրա վրա՝ փորձելով կառուցել վստահության պատ, փորձելով շարժվել այս ուղղությամբ»,- հավելել է Գրիգորյանը։
Ադրբեջանի ներկայացուցիչն էլ նշել է, որ համատեղ խաղաղության գործընթացը «հաջողության պատմություն է հակամարտությունների և պատերազմների համաշխարհային համատեքստում»։
«Հակամարտության այս գլուխը փակված և իրական խաղաղություն հաստատված» լինելով՝ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնամուխ են լինում տարածաշրջանում լայնածավալ տնտեսական զարգացման՝ երկու երկրների փոխադարձ օգուտի համար, ասել է Հաջիևը
«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կմեծացնի փոխկախվածությունը և կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև տնտեսական օգուտ կբերի երկու հասարակություններին։ Մենք շարժվում ենք այս ուղղությամբ, և դրա ապացույցն այն է, որ Հիքմեթի հետ միասին նստած ենք ձեր ստուդիայում՝ Դոհայում»,- իր հերթին ասել է Արմեն Գրիգորյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում