civilnet.am Երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 8-ին աջակիցների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է երկրի տնտեսական վիճակին, անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։
Քննադատելով գործող իշխանություններին՝ Քոչարյանը համեմատականներ է անցկացրել իր պաշտոնավարման տարիների և ներկայիս իրավիճակի միջև՝ հնչեցնելով մի շարք պնդումներ տնտեսական աճի, աղքատության մակարդակի, պետական պարտքի ցուցանիշների և ռազմավարական օբյեկտների սեփականաշնորհման վերաբերյալ։
#CivilNetCheck-ը ուսումնասիրել է երկրորդ նախագահի հնչեցրած առանցքային պնդումները։
Տնտեսական աճի և աղքատության վերաբերյալ պնդումներ
Ռոբերտ Քոչարյանը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում Հայաստանն ունեցել է տարեկան միջինը 10,5 տոկոս տնտեսական աճ, իսկ աղքատությունը 56 տոկոսից նվազել է մինչև 25 տոկոս։
«Իմ ժամանակ մենք միջին տնտեսական աճը ունեցել ենք 10,5 տոկոս տարեկան՝ տասը տարվա ընթացքում միջին աճ։ Եվ 10 տարվա ընթացքում աղքատությունը 56 տոկոսից իջել է մինչև 25։ […] Հիմա մոտ ութ տարում [2018-2025՝ խմբ.] աղքատությունը ոնց ընդունել են, այդպես էլ մնացել է»,- ասել է Քոչարյանը։
Այսպես, Համաշխարհային բանկի (WB) և Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալներով՝ Հայաստանը 1998–2008 թվականներին իսկապես գրանցել է բարձր՝ տարեկան միջինը 10 տոկոս տնտեսական աճ։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 1999-ին աղքատության մակարդակը կազմել է 55 տոկոս, իսկ 2008-ին՝ 23,5 տոկոս։ Այսինքն՝ շուրջ տասը տարվա ընթացքում աղքատության ցուցանիշը իրոք կիսով չափ կրճատվել է, ինչը հիմնականում պայմանավորված էր 2000-ականների սկզբի տնտեսական աճով։ Սակայն կարևոր է ընդգծել նաև, որ 2004-ից աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը վերանայվել էր, ինչի հետևանքով տվյալները ամբողջությամբ համադրելի չեն նախորդ տարիների հետ։
Ինչ վերաբերում է երկրորդ նախագահի մյուս պնդմանը, թե «մոտ ութ տարում (2018-2025) աղքատությունը ոնց ընդունել են, այդպես էլ մնացել է», ապա պատկերը հետևյալն է։ Վիճկոմիտեի տվյալները ցույց են տալիս, որ թեև 2019-2020 թվականներին աղքատության ցուցանիշն աճել էր՝ հասնելով 27 տոկոսի, հաջորդող տարիներին այն նվազել է։ 2023 թվականին աղքատության միջին գծի մակարդակը կազմել է 23,7 տոկոս, ինչը վկայում է աղքատության որոշակի նվազման մասին: Ինչ վերաբերում է վերջին՝ 2024 տվյալներին, ապա դրանք համադրելի չեն ո՛չ 2019-2023, ո՛չ էլ 2018 թվականի տվյալների հետ, քանի որ տեղի են ունեցել հաշվարկի մեթոդաբանության փոփոխություններ և նախորդ տարիների վերահաշվարկ չի նախատեսվում։
Անդրադառնալով կենսաթոշակներին՝ Քոչարյանը նշել է, որ վերջին տարիներին արձանագրվել է մոտ 26 տոկոս գնաճ, մինչդեռ միջին կենսաթոշակն ավելացել է մոտ 22 տոկոսով, «ինչը նշանակում է, թե իրական ավելացում տեղի չի ունեցել, այլ կատարվել է թերի ինդեքսացիա»։
«Ուրեմն, թվերը պաշտոնական հետևյալն է՝ մոտ 26% ինֆլյացիա է եղել այս ընթացքում, 22%-ով միջին կենսաթոշակն է ավելացել։ Հիմա նայեք, հարցը ինչի՞ մեջ է։ Երբ որ դու ինֆլյացիայի մասով ավելացնում ես թոշակը, դրա անունը թոշակ ավելացում չի։ Դրա անունը ինդեքսացիա է։ Ու դա այն է, ինչ դու պարտավոր ես անել»,- ասել է Քոչարյանը։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2018-2024 թվականներին Հայաստանում գրանցվել է մոտ 25-26 տոկոս կուտակային գնաճ, մինչդեռ միջին կենսաթոշակն աճել է շուրջ 22,4 տոկոս՝ 40,478 դրամից հասնելով 49,567 դրամի։ Սա փաստում է, որ թոշակառուների գնողունակությունը վերջին տարիներին ոչ միայն չի աճել, այլև փոքր-ինչ նվազել է գնաճի ավելի բարձր տեմպերի պատճառով։
Հարկ է նշել նաև, որ 2022-ից գործում է անկանխիկ գործարքների դիմաց կենսաթոշակառուներին տրամադրվող հետվճարի («քեշբեք») ծրագիրը։ Կառավարության տվյալներով՝ 2025-ի հոկտեմբերի դրույթամբ այս մեխանիզմով վճարվել է շուրջ 1,52 միլիարդ դրամ, իսկ ծրագրից օգտվել է 366 հազար թոշակառու (ընդհանուր թոշակառուների մոտ կեսը)՝ ստանալով միջինը 4157 դրամ հետվճար։ Ընդ որում, եթե 2025-ին մեկ թոշակառուի ամսական հետվճարի առավելագույն չափը 6000 դրամ էր, ապա 2026-ի հունվարից այն կավելանա՝ հասնելով 10,000 դրամի։
Ռոբերտ Քոչարյանը մտահոգություն է հայտնել պետական պարտքի աճի վերաբերյալ՝ պնդելով, թե արտաքին պարտքը հասնում է 14 մլրդ դոլարի, իսկ դրա սպասարկման համար 2026-ին ավելի շատ գումար է ուղղվելու, «քան ամբողջ կրթությանը բյուջեում նախատեսված գումարները»։
Այս հատվածում երկրորդ նախագահը վրիպակ է թույլ տվել՝ 14 մլրդ դոլարը ներկայացնելով որպես «արտաքին պարտք»։ Իրականում, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, 2025-ի հոկտեմբերի դրությամբ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 6,8 մլրդ դոլար, մինչդեռ 14,1 մլրդ դոլարը Հայաստանի ընդհանուր պետական պարտքն է (արտաքին + ներքին)։ Այնուամենայնիվ, պարտքի սպասարկման բեռի մասին պնդումը հիմնավորված է։ Հաջորդ տարվա՝ 2026 թվականի բյուջեով՝ միայն կառավարության պարտքի սպասարկման ծախսերը (ընդհանուր պետական պարտքի 96,4 տոկոսը) նախատեսված են մոտ 419,9 մլրդ դրամ, ինչը գերազանցում է կրթության ոլորտին հատկացվող շուրջ 357,7 մլրդ դրամը։
Փաշինյանի վարկանիշը. «ամենամեծ բացասականը» և իրական պատկերը
Քոչարյանը նաև հայտարարել է, թե այս իշխանության «հիմնական զենքերից՝ նախկինների ու ներկաների խոսույթն այլևս չի աշխատում»։
«Ամենից մեծ բացասական վարկանիշը այսօր բոլոր հարցումներով ունի Նիկոլ Փաշինյանը ու չվերականգնվող վարկանիշը»,- հայտարարել է երկրորդ նախագահը։
Վարչապետ Փաշինյանի բացասական վարկանիշի մասին պնդումը ենթադրաբար հիմնված է Հայաստանում «Gallup International Association»-ի ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» (MPG) ընկերության տվյալների վրա, որի հարցումներում է առաջարկվում գնահատել վարչապետի աշխատանքը՝ լիովին դրական, ավելի շուտ բացասական և ընդհանրապես բացասական և այլ կատեգորիաներով։ 2025-ի փերտվարին հարցվածների 46,5 տոկոսը «ընդհանրապես բացասական» է գնահատել վարչապետի աշխատանքը։
Սակայն պետք է հիշել, որ այս ընկերությունը որևէ կապ չունի մերիկյան հանրահայտ ու հեղինակավոր Gallup ընկերության հետ։ Սիվիլնեթը պարզել էր, որ MPG-ի տնօրեն Արամ Նավասարդյանը համատեղ բիզնես է ունեցել Քոչարյանի պաշտոնավարման օրոք առանցքային պաշտոն զբաղեցրած Էդուարդ Բեզոյանի ընտանիքի հետ։
2021-ի արտահերթ ընտրություններին MPG-ն հարցումները կանխատեսում էին Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հաղթանակը՝ 28,7 տոկոս ձայնով՝ ընդդեմ «Քաղաքացիական պայմանագրի» 25,2 տոկոսի։ Այնինչ ընտրություններում ՔՊ-ն ստացավ 53,9, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 21 տոկոս ձայն։
Ինչ վերաբերում է հարցումներ իրականացնող հեղինակավոր կազմակերպությունների տվյալներին, ապա, օրինակ, Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) 2025-ի հունիսի հարցման տվյալներով՝ թեև Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության ֆոնը ցածր է, նա շարունակում է մնալ ամենաբարձր վստահություն վայելող գործիչը (հարցվածների 13 տոկոսը), այնինչ Ռոբերտ Քոչարյանին վստահում է հարցվածների ընդամենը 4 տոկոսը։
2025-ի մայիսին հրապարակվել է նաև Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնի՝ CRRC-ի «Կովկասյան բարոմետր» հետազոտության 2024-ի արդյունքները։ Ըստ դրա՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրին» վստահում է հարցվածների 15 տոկոսը, մինչդեռ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին՝ ընդամենը 4 տոկոսը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում