ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Աթենքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։
Դավիթ Կարապետյանը հանդիպել է Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (ICBSS) տնօրեն Գեորգիոս Միտրակոսի հետ, որի ընթացքում քննարկել են «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի հետ համագործակցության հեռանկարները:
Գլխավոր քարտուղարը հանդիպել է նաև «Եվրոպական և արտաքին քաղաքականության հունական հիմնադրամի» (ELIAMEP) խորհրդի նախագահ Լուկաս Ցուկալիսի հետ, ում հետ էլ քննարկել է Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցե, ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության խորացմանը:
Նա նաև հանդիպում է ունեցել Հունաստանի ԱԳՆ քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեաս Ֆրիգանասի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը լայնորեն անդրադարձ են կատարել Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերություններին, կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության հետագա խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը:
Աթենքում այսօր ԱԳ ներկայացուցիչը հանդիպել է Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի տնօրեն Միքաիլ Դիամեսիսի հետ ևս։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Հունաստանի դիվանագիտական ակադեմիայի միջև համագործակցության հեռանկարները: