Հայկական շուկան հրապուրել է արհեստական բանականության ոլորտի նոր ընկերությունների. ԲՏԱ փոխնախարար | armenpress.am

armenpress.am: Հայաստանում արհեստական բանականության տվյալների մշակման խոշոր կենտրոնի ստեղծման նախագիծը մեծացրել է ոլորտում մասնագիտացող ընկերությունների ներդրումային հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ: Այստեղ համանման ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել նոր, այդ թվում՝ արտասահմանյան գործընկերներ, որոնց հետ ներկայում ընթանում են քննարկումներ:

Այս մասին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման կենտրոնի ստեղծումը կարող է նպաստել Հայաստանում այս ուղղությամբ ավելի խոշոր ծրագրերի իրագործմանը:

«Միանշանակ՝ այո: Հիմա նաև նոր խաղացողներ են հայտնվում Հայաստանից դուրս, որոնք այստեղ նման նախագիծ իրագործելուց հետո իրենց հավակնություններն ավելի իրատեսական են համարում և ավելի են լրջացնում դրույքները»,- ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ շահագրգիռ կողմերը նախարարության հետ բանակցությունների ընթացքում փորձում են պարզել, թե ներդրումների իրականացման պարագայում ՀՀ կառավարությունն ինչ միջավայր և պայմաններ կարող է առաջարկել իրենց:

Գևորգ Մանթաշյանը ձեռնպահ մնաց հայկական շուկա մտնելու ցանկություն հայտնած նոր ընկերությունների անունները հրապարակելուց՝ դա հիմնավորելով բանակցությունների շարունակվելու հանգամանքով: Հավելեց միայն, որ նման նախագծերի իրականացումը ներդրումային հանգրվան լինելու առումով ավելի գրավիչ է դարձնում Հայաստանը:

Փոխնախարարը «նշանակալի իրադարձություն» անվանեց Nvidia ամերիկյան տեխնոլոգիական ընկերության արտադրած չիպերը Հայաստանում տվյալների կենտրոն ստեղծելու նպատակով Firebird ստարտափին տրամադրելու ԱՄՆ կառավարության վերջին որոշումը, որի կայացմանը նպաստեց օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահի և ՀՀ վարչապետի ստորագրած վաշինգտոնյան հուշագիրը:

«Սա լավ օրինակ է, թե վստահությունն ինչ արդյունքներ կարող է տալ: Դա կարևոր ենթակառուցվածքային, տարածաշրջանային նշանակություն ունեցող իրադարձություն է»,- նշեց Գևորգ Մանթաշյանը:

Տվյալների կենտրոնի գործարկումը նախատեսված է 2026 թվականին։ Դրա ստեղծման աշխատանքների ընթացքն, ըստ Գևորգ Մանթաշյանի, կախված է Firebird ընկերության ծրագրերից.

«Տվյալ ընկերությունը նախատեսում է ծառայություններ մատուցել արդեն 2026 թվականի կեսին: Ենթակառուցվածքների ստեղծմանն առնչվող աշխատանքներն ավարտելուց հետո հնարավոր կլինի ծառայություններ մատուցել ամբողջ աշխարհին: Դա արդեն կախված է մասնավոր ընկերության պլաններից»:

Այս տարվա նոյեմբերի վերջին Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը տեղեկացրել էր, որ նշված կենտրոնը կառուցվելու է հենց այդ քաղաքում: Փոխնախարար Գևորգ Մանթաշյանը նշեց, որ տեղյակ է այդ հայտարարության մասին, սակայն, ըստ նրա, կենտրոնի կառուցման վայրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է այն ստեղծող ընկերությունը.

«Վերջնական որոշում կայացնողն այդ մասնավոր ընկերությունն է: Մեր գործառույթն աջակցելն ու համապատասխան միջավայր ստեղծելն է: Սա հեշտ գործընթաց չէ, հետևաբար, կան բազմաթիվ հանգամանքներ, որոնք պետք է հաշվի առնել: Կառավարության դերն այդ հնարավորությունը ստեղծելն է, որն արդեն իսկ ստեղծված է»:

Գևորգ Մանթաշյանը տեղեկացրեց նաև, որ կենտրոնը ստեղծվելու է բացառապես մասնավոր ներդրումներով.

«Կառավարությունը ներդրում չի նախատեսում: Նման որոշում չկա: Կառավարությունը որոշել է հանդես գալ, այսպես կոչված, ֆասիլիտատորի դերում, որ նման ընկերությունները շատ լինեն, չունենանք միայն մեկ էքսկլյուզիվ ընկերություն: Կառավարությունը չունի մասնաբաժին, այլ նախատեսում է դառնալ այդ ծառայությունների սպառող: Գաղտնիք չեմ բացի, որ պետությունը նաև դրսևորում է մասնավորից ծառայություններ գնելու տնտեսական հետաքրքրություններ»:

Անդրադառնալով կառուցվելիք այս կենտրոնում ակնկալվող ներդրումների ծավալի վերաբերյալ հարցին՝ փոխնախարարը մանրամասնեց․

«500 մլն դոլարը ԱՄՆ տնտեսության մեջ է ներդրվելու, ոչ թե մեր, որովհետև այդ չիպերը մենք չենք արտադրում, արտադրում է Nvidia-ն: Արժեքը, որ ասում են, դա ուղղակի ներդրումների մասին չէ, այդտեղ սխալ ընկալում կա երևի: 500 միլիոնը դա այդ չիպերի արժեքն է: Այդ չիպերը Nvidia-ինն են: Դա ԱՄՆ տնտեսությունն է»:

Նշվեց նաև, որ նախագծի տնտեսական արդյունավետությունը պայմանավորված է դրա ենթակառուցվածքով և ճարտարապետությամբ։

«Եթե թվեր են հետաքրքիր, ապա նշեմ, որ, օրինակ, երբ որևէ որոնողական համակարգով որոնման հարցում եք կատարում արհեստական բանականության տիրույթում՝ դա հանգեցնում է տասնապատիկ ավելի էլեկտրականության սպառմանը։ Դա ենթակառուցվածքից և ճարտարապետությունից է կախված: Բնականաբար, սա տնտեսական էֆեկտ է նաև էլեկտրականության սպառման տեսանկյունից: Մասնավոր ընկերության բիզնես տրամաբանությունը ենթադրում է պոտենցիալ հավելյալ արժեքի ձևավորում և հետագայում եկամտի ապահովում։ Հետևաբար, դա հետաքրքիր տնտեսական մոդել է մեր տնտեսության համար, որը, կարծում եմ, բավականին շատ հնարավորություններ կստեղծի»:

Հարցին, թե Հայաստանը ներկայում ի՞նչ դիրքավորում ունի ՏՏ համաշխարհային քարտեզի վրա՝ Գևորգ Մանթաշյանը պատասխանեց՝ որոշ ուղղություններով մեր երկրի դերակատարումը համեստ է, բայց կան նաև ոլորտներ, որոնցում առաջատար ենք Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում.

«Օրինակ, առաջատար ենք կիսահաղորդիչների դիզայնի արդի որոշ ուղղություններում: Այն ուղղություններում, որտեղ լավ դպրոց ունենք, կարծում եմ՝ բավականին լավ մրցակցային առավելություն ունենք տարածաշրջանում: Իսկ ՏՏ համաշխարհային քարտեզին Հայաստանի դիրքը ստատիկ չէ՝ դինամիկ է: Կարող եմ ասել, որ տարածաշրջանում բավականին լավ ճանաչում ունենք, որոշակի դիրքերում՝ մրցակցային առավելություններ: Հիմնավոր օպտիմիզմ ունենք, որ մեր առավելությունները կկարողանանք լավագույն ձևով օգտագործել»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն