14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար 2 մլրդ 828 մլն դրամ կհատկացվի | 1lurer.am

1lurer.am։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Կառավարության՝ դեկտեմբերի 11-ի նիստին գործադիրի քննարկմանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2 մլրդ 828 մլն դրամով համաֆինանսավորելու վերաբերյալ որոշման նախագիծը, որով առաջարկվում է 14 համայնքի 27 սուբվենցիոն ծրագիր համաֆինանսավորել:

Նախարարը թվակեց նաև աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով:

Ըստ այդմ՝ դրանք վերաբերում են խմելու ջրագծերի կառուցմանը, խմելու ջրի մատակարարման ցանցի կառուցմանը կամ ընդլայնմանը, ջրատարի վերակառուցմանը, ջրամատակարարման ցանցի բարելավմանը, ճանապարհների վերանորոգմանը՝ ասֆալտապատմամբ, մանկապարտեզների հիմնանորոգմանն ու վերանորոգմանը, ներհամայնքային փողոցների կառուցմանը, սալարկմանը, շենքերի ջերմամեկուսացման և էներգաարդյունավետության ցանցերի արդիականացմանը, բնակավայրերի գազիֆիկացմանը, համայնքում կոյուղի կառուցելու աշխատանքներին:

«Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինենք 21 մլրդ 59 մլն դրամի համաֆինանսավորում: Եվս մեկ հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը, թույլ կտամ ասել, հսկայական ծավալի է լինելու. շուրջ 10 մլրդ դրամի մասին է խոսքը: Մեծ հավանականությամբ, դա կլինի Կառավարության հաջորդ նիստին: Մենք պլանավորում ենք այս տարի բարելավել նախորդ տարվա ցուցանիշները և շարժվում ենք այդ ուղղությամբ:

Շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա: Մեծ հավանականությամբ, ամսի 18-ի նիստը կլինի վերջինը, որտեղ մենք սուբվենցիոն համաֆինանսավորման հարց կունենանք, որպեսզի հետո մարզպետի աշխատակազմերը հարջորդ մի քանի օրերին հնարավորություն ունենան բաշխում իրականացնել համայնքներին, և համայնքներն էլ հնարավորություն ունենան վճարել շինարարներին»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն