Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիորեն կրճատվել է. ՀՀ-ում Գերմանիայի դեսպանություն | armenpress.am

armenpress.am: Հայաստանում Գերմանիայի դեսպանատան իրականացրած միջոցառումների արդյունքում զգալիորեն կրճատվել է Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար սպասելու ժամանակը։

Հարցմանն ի պատասխան՝ այս մասին նշել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։

Վարչապետ Փաշինյանն ասել էր, որ Բեռլինում իր ունեցած հանդիպումների ժամանակ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ հաջորդ տարվանից Գերմանիայի վիզայի հայտ ներկայացնելու համար Հայաստանում հերթեր այլևս չեն լինի։

Հարցին, թե ի՞նչ նորություններ են սպասվում ՀՀ քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացում, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից պատասխանել են.

«Համաձայն Շենգենյան վիզայի կանոնների և կարգավորումների՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատունը Հայաստանում վերջին ամիսներին անընդհատ աշխատել է համապարփակ մոտեցմամբ՝ վիզայի համար դիմող հայերի սպասարկումը բարելավելու համար: Այդ աշխատանքը ներառում էր այն որոշումը, որ 2025 թվականի հուլիսից վիզայի դիմումները պետք է ներկայացվեն արտաքին ծառայություն մատուցող TLS Contact-ին, մինչդեռ վիզայի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացնում  է դեսպանատունը։

Զուգահեռաբար, դեսպանատունը թարմացրել է իր տեղեկատվական համակարգը՝ պոտենցիալ դիմողներին վիզայի պահանջների մասին ավելի հարմարավետ ձևով տեղեկացնելու համար։

Այս միջոցառումները հանգեցրել են նրան, որ դիմում ներկայացնելու սպասման ժամանակը զգալիորեն կրճատվել է: Դեսպանատունը հանրությանը կտեղեկացնի այս հարցում ապագա զարգացումների մասին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն