ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության կողմից կազմակերպված քննարկմանը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի սիներգիաներ. գլոբալ բնապահպանական նպատակների առաջմղում ազգային գործողությունների միջոցով» թեմայով բարձր մակարդակի քննարկմանը, որը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) Քարտուղարության կողմից։

Այս մասին հաղորդում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Իր ելույթում նա ընդգծել է բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի կարևորությունը՝ գլոբալ բնապահպանական նպատակների իրականացման և ազգային քաղաքականությունների հաշտեցման գործում։

Նախարարը նշել է, որ միջազգային պարտավորությունները պետք է իրականացվեն կոնկրետ ազգային գործողությունների՝ օրենսդրական բարեփոխումների, ինստիտուցիոնալ հզորացման, գիտական տվյալների վրա հիմնված որոշումների, ինչպես նաև կանաչ տեխնոլոգիաների և նորարարական լուծումների խթանման միջոցով։

Շեշտել է, որ Հայաստանի համար առաջնահերթ են կլիմայի փոփոխության մեղմումը և հարմարվողականությունը, կենսաբազմազանության պահպանությունը, հողերի դեգրադացիայի կանխարգելումը, ջրային և այլ բնական ռեսուրսների կայուն օգտագործումը։ Հատուկ անդրադարձել է այն գաղափարին, որ տարբեր կոնվենցիաների շրջանակներում ստանձնած պարտավորությունները պետք է իրացվեն համադրված ձևով, միավորված ծրագրերի ու ներդրումների միջոցով, որպեսզի խուսափենք ջանքերի կրկնությունից և ապահովենք առավել արդյունավետ արդյունք։

Կարևորել է համագործակցությունը միջազգային գործընկերների, տարածաշրջանային կառույցների, մասնավոր հատվածի, գիտական ու քաղաքացիական հասարակության հետ՝ տնտեսական զարգացման մոդելը փոխելու և այն ավելի «կանաչ» ու դիմակայուն դարձնելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն