ՀՀ-ն հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը. Խաչատուրյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru։ Հայաստանի կառավարությունը հանձնառու է Հարավային Կովկասում կայուն խաղաղության ամրապնդմանը։ Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային տարի 2025» համաժողովի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա բաղադրիչի՝ «Թրամփի ուղու» իրականացումը կնպաստի տնտեսական աճին, երկխոսությանը և մարդկանց միջև շփումներին։

«Մենք բացում ենք կայուն խաղաղության, անվտանգության և բարգավաճման նոր էջ Հարավային Կովկասում։ Հայաստանն այս հարցում հույսը դնում է իր միջազգային գործընկերների աջակցության վրա»,- ասաց նա։

Խաչատուրյանը նշեց, որ խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, այլ այն հետևողական աշխատանք է պահանջում, որը պետք է նաև պետությունների և ժողովուրդների մեջ վստահության մթնոլորտ ձևավորի։

Նշենք, որ համաժողովին մասնակցում են նաև ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Վրաստանի, Տաջիկստանի ղեկավարները։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն