ՆԳ նախարարությունն ընդլայնում է միջազգային գործընկերների հետ համագործակցությունը. Արփինե Սարգսյանը Բրյուսել այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Մոլդովայի ՆԳ նախարար Դանիելլա Միսաիլ-Նիչիտինին։

Քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցեր։

Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև ՆԳՆ կրթական հաստատությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

Եվրոպական սահմանային և ափամերձ տարածքների պահպանության գործակալության (FRONTEX) գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպմանը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է ԵՄ հետ ակտիվ երկխոսությունը՝ ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները։

Կողմերը քննարկել են սահմանների կառավարման և անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

ՆԳ նախարարը անդրադառնալով բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին՝ ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում դրանց ռազմավարական նշանակությունը։

Արփինե Սարգսյանը կարևորել է Ֆրոնտեքսի հետ բազմակողմանի համագործակցությունը և ընդգծել այն ընդլայնելու պատրաստակամությունը։

Հանս Լեյտենսը այցի համար շնորհակալություն հայտնելով նախարար Սարգսյանին՝ բարձր է գնահատել ՆԳ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը։

Կողմերը փոխադարձ այցերը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։

Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի Թագավորության անվտանգության և ներքին գործերի նախարար Բեռնար Կանտանի հետ։

Նախարար Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման և շարունակական զարգացման կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր:

Նախարար Սարգսյանը նաև շփումներ է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի ու մի շարք այլ երկրների գործընկերների հետ։

Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին, որին ներկա էին շուրջ 80 պատվիրակություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն