Երբ ընկերների համար նվերներ եք փնտրում կամ էլ ցանկանում եք հայկականությանը առնչվող իրեր արտասահման տանել, առաջինը, երևի թե, Վերնիսաժ եք գնում։ Իսկ երբ որևէ օգտագործված կամ ռետրո իր եք փնտրում, հնարավոր է՝ ընտրում եք Հրազդան մարզադաշտին կից գտնվող հնոտիների շուկան։ Ինչո՞ւ եք հենց այս տեղերում փնտրում նվերներ կամ օգտագործված իրեր։ Այս այցելությունների պատճառները, Երևանում և Թբիլիսիում շուկաների առանձնահատկություններն ու հարաբերություններն է ուսումնասիրել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի ավագ գիտաշխատող Համլետ Մելքումյանը՝ արդյունքներն ամփոփելով Mobilities ամսագրում հրապարակված հոդվածում։
Մելքումյանը 2006-ից է սկսել ուսումնասիրել հայաստանյան հուշանվերների և Երևանի՝ օգտագործված հին իրերի շուկաները․ մինչև այդ նույնիսկ չէր էլ այցելում Վերնիսաժ, որը այս հետազոտության շրջանակում նրա ուսումնասիրության հիմնական առարկան էր։ Այս 20 տարիների ընթացքում մշակութային մարդաբանը մոտ 40 անգամ Երևանից Թբիլիսի է գնացել ու հակառակը՝ հետազոտելու երկու քաղաքների ոչ ֆորմալ շուկաները։
Ի սկզբանե մշակութային մարդաբանը վարկած ուներ՝ հետխորհրդային երկրներում ստեղծված տնտեսական ու պատերազմական իրավիճակները բերում են նույնանման քաղաքային աղքատության, իրավական ու սոցիալական անհավասարությունների։ Սրանք էլ առաջացնում են առևտրավայրեր, որտեղ հիմնականում ցածր եկամուտ ունեցող հաճախորդը հանդիպում է աղքատ վաճառողին։ Ուսումնասիրությունը, ինչպես նշում է հետազոտողը, խոշոր հաշվով հաստատեց այս վարկածը, սակայն Երևանի ու Թբիլիսիի շուկաները նաև տարբերություններ ունեն։
Համլետ Մելքումյանը սկզբից խոսում է շուկաների սահմանման մասին․ որո՞նք են ոչ ֆորմալ շուկաները, ինչպե՞ս են դրանք կազմակերպվում։ Հետազոտողը պարզաբանում է՝ դրանք հանրային այնպիսի տարածքներ են, որոնք ունակ են ինքնակազմակերպվելու․ վաճառողները պայմանավորվում են մեկը մյուսի, քաղաքի, երբեմն՝ նաև քաղաքական իշխանությունների հետ։ Վերջիններս էլ մշտապես փորձում են ազդել ու որոշակի իշխանություն ունենալ շուկաների վրա, քանի որ դրանք սոցիալական և տնտեսական արժեք ունեն։ Ոչ ֆորմալ շուկաների առանձնահատկություններից մեկը տարերայնությունն է․ դրանց սահմանները, ծավալը, ապրանքների տեսակները, քանակը արագորեն կարող են մեծանալ կամ քչանալ, իսկ յուրաքանչյուր վաճառող իր առաջարկով է գալիս շուկա։
Այս հետազոտությամբ գիտնականը կենտրոնանում է Երևանի ու Թբիլիսիի հուշանվերային և օգտագործված իրերի շուկաների վրա։ Նրա խոսքով՝ դրանց ձևավորման նախադրյալները նույնն են՝ կտրուկ աղքատացումը։
«90-ականներին փողոցային սեղանիկային առևտուրը գոյատևման ստրատեգիա էր։ Գլխավոր նպատակը ոչ թե հարստություն կուտակելն էր առևտրի միջոցով, այլ ֆիզիկական գոյության համար չնչին եկամուտ ունենալը»։
Համլետ Մելքումյան
Հետազոտողը նշում է՝ այս շուկաները սկզբնական շրջանում կայուն կառուցվածք չունեին, դրանք հաճախ մասնատվում էին, ինչպես Երևանում եղավ հնոտիների ու մյուս իրերի հետ, երբ ավելի «ակնահաճո» իրերը մնացին Վերնիսաժում, իսկ երկաթեղենը, գործիքները տեղափոխվեցին ծայրամասեր։
Հենց այս պատճառով էլ շուկաների հիմնական «աշխատակազմը» մինչև 2015-2016 թթ․ վաճառվող իրերի սեփանակատերերը կամ պատրաստող վարպետներն էին։ 2016-ից աստիճանաբար նրանց փոխարեն ավելի ու ավելի շատ սկսեցին հայտնվել վերավաճառողներ, որոնք սկսեցին գնել վարպետներից, վերավաճառել ու ստեղծել բրենդներ։ Հետազոտողի խոսքով վերավաճառողները փոխեցին շուկայի ոչ միայն գնային, այլև սոցիալական ու մշակութային արժեքները․ եթե նախկինում սոցիալ-մշակութային ու տնտեսական արժեքները հավասարաչափ կարևոր էին, հիմա վերավաճառողների համար առաջինը վերացել է։
Սա՝ Երևանում։ Իսկ Թբիլիսում ապրանքներ գտնելու ու վաճառելու ավելի կոմպլեքս մեխանիզմ է գործում։ Եթե Երևանում գերակշռում է հուշանվերների վաճառքը, ընդ որում՝ նաև ազգային ինքնությանը վերաբերող (Արարատով մագնիսներ, դուդուկ, խաչքարի փոքր տարբերակներ), և դա հատկապես պայմանավորված է խորհրդային համակարգի փլուզումից հետո աստիճանաբար աճող զբոսաշրջիկների հոսքով, ապա Թբիլիսիում և՛ 1990-ականներին, և՛ հիմա ավելի մեծ պահանջարկ ունեն օգտագործված հին իրերը։ Հայաստանում հիմա նմանատիպ ձևով է աշխատում Հրազդան մարզադաշտին կից գտնվող հնամաշ իրերի շուկան, նախկինում՝ նաև Դինամո մարզադաշտի հնոտիների շուկան և Վերնիսաժի մի փոքր հատվածը։
Վրաստանից և այլ հետսովետական երկրներից հավաքվող հին իրերի վաճառքում ևս վերավաճառողներն են ներգրավված, սակայն այս դեպքում կան նաև միջնորդներ՝ իրերը հավաքողները, որոնք քաղաքային, հաճախ նաև գյուղական բնակավայրերով են պտտվում։ Փողոցներում, բակերում հաճախ են լսվում բարձրախոսներից եկող ձաները․ հին, օգտագործված իրեր են որոնում։
Համլետ Մելքումյանը կարևորում է, որ խորհրդային տարիներին արտադրված և օգտագործված իրերի հայթայթումը խաչվում է Հայաստանից Վրաստան ճանապարհներին․ երկու երկրների վերավաճառողներն էլ խորհրդային իրեր են փնտրում մեկը մյուսի մոտ։ Այդ իրերը նաև հուզական շերտեր ու հիշողություններ ունեն։ Դրանք ստեղծվել են խորհրդային շրջանում, ունեցել ձևավորման իրենց պատմությունը, ապա հետսովետական շրջանում ձեռքից ձեռք անցել ու հարստացրել իրենց կենսագրությունը․ խորհրդային շրջանին գումարվել են դրանց փնտրտուքի ու վաճառքի պատմությունները։
Հոդվածում մշակութային մարդաբանը հիշում է, թե ինչպես Թբիլիսիի Մշրալի Խիդիի շուկայում, որն իր ուսումնասիրման հիմնական վայրն էր, դիտարկումների ընթացքում ուշադրությունը գրավեցին իր մանկության շրջանում Հայաստանում տարածված ծաղկամաններ։ Վաճառողը, որ վրացահայ էր, միանգամից փորձեց իմանալ, թե էլ ում հետ կարող է կապ հաստատել Հայաստանից ապրանքների ձեռքբերման համար։ Հենց այս պահից սկսած Համլետ Մելքումյանը սկսեց հետազոտել Երևանի ու Թբիլիսիի հուշանվերային և օգտագործված իրերի բազարներին բնորոշ ոչ ֆորմալ համագործակցությունների պրակտիկաները։
Մարդաբանը հիշում է ոչ ֆորմալ առևտրի նախկինում հայտնի մեկ այլ օրինակ՝ Հայաստանի և Վրաստանի միջև գործող՝ «Սադախլուի տոպրակներով» կին առևտրականներին։ Տարիներ առաջ նրա գործընկեր, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարանի մշակութային մարդաբան Սուզաննե Ֆեհլինգսն ուսումնասիրել է, թե ինչպես են ԽՍՀՄ փլուզումից և անկախացումից հետո Հայաստանում և Վրաստանում անհատների կողմից ստեղծվում նոր առևտրական ուղիներ, և ինչպես են այդ ուղիները աստիճանաբար հասնում Չինաստան։ Հետազոտողը պարզաբանում է՝ Հայաստանում ու Վրաստանում տարածված էր երևույթը, երբ կանայք այդ գծավոր տոպրակներով իրեր էին գնում և վերավաճառում կամ իրականացնում էին ապրանքափոխադրումներ՝ վերադառնալով նախակապիտալիստական, նախափողային անցյալին։
«Այս տնտեսական ճգնաժամերի դիմակայության հաղթահարման առաջին արձագանքողները ու գործողները դառնում են կանայք ավելի լայն առումով, այսինքն` նախ չեղած տեղից ինչ֊որ բան են գտնում, որ վաճառվի՝ և՛ Հայաստանում, և՛ Վրաստանում։ Սա հետագայում նպաստում է նոր առևտրային ուղիների առաջացմանը»։
Համլետ Մելքումյան
Իսկ եթե ապրել եք խորհրդային շրջանում, ավելի հավանական է, որ կգնաք հնոտիների շուկա՝ ոչ միայն Ձեր պատկերացմամբ որակյալ ապրանքների ձեռքբերման համար, այլև աֆեկտիվ նոստալգիայի պատճառով։ Դա այն է, երբ որոշակի ձայներ, իրեր, բույրեր, միջավայրեր մարդուն տեղափոխում են անցյալ, օգնում վերագտնել ու հատկապես վերզգալ անձնական հիշողությունները և դրդում այդ պահին կայացնել որոշում ու ձեռք բերել իրեր։ Համլետ Մելքումյանը հոդվածում պնդում է, որ, օրինակ, մարդիկ, որոնք Թբիլիսի Մշրալի Խիդիի բազարում սիրում են այցելել և գնումներ անել, կարոտում են ոչ թե խորհրդային կառավարման համակարգը, այլ առավելապես այդ ժամանակ իրենց ունեցած միջանձնային հարաբերությունները, կյանքի առանձնահատկությունները, մանկությունը և երիտասարդությունը։
Ի՞նչ կլինի այս միջավայրերի հետ։ Հայաստանում՝ վարպետների, Վրաստանում էլ սեփական կամ ծանոթների իրերը վաճառող առևտրականների՝ շուկաներից հեռանալով՝ փոխվում է նաև դրանց բնույթը։ Թեև կան դեպքեր, երբ վարպետների ընտանիքները շարունակում են ընտանեկան բիզնեսը, վերավաճառողները այնուամենայնիվ շարունակում են գերակշռել։ Սա, մշակութային մարդաբանի խոսքով, փոխում է նաև շուկաներ այցելության նպատակները, հատկապես խորհրդային շրջանում ապրած մարդկանց համար։ Այս շուկաները, սակայն, չեն վերանա։ Հետազոտողը բացատրում է, որ դրանց կարիքը տնտեսապես անկայուն երկրներում կա, որովհետև վաճառողները գալիս են շուկա՝ տնտեսական ու սոցիալական անհրաժեշտությունից ելնելով։ Մարդիկ, որոնք տնտեսապես ոչ բարենպաստ վիճակում են գտնվում, կարող են այս բազարներում ապրանքներ վաճառել ու դրանով ապրուստ վաստակել՝ գտնվելով մի միջավայրում, որը իրենց հիշեցնում է իրենց անցյալը, ապահովում շփումը այլոց հետ։
Ավելի ուշ, երբ գնալով շատանում է հուշանվերների պահանջարկը, վերավաճառողները ևս ապրանքների որոնման այլ տարբերակներ են գտնում։ Նրանք արդեն դիմում են ոչ թե ձեռագործներին, այլ զանգվածային արտադրությանը՝ ապրանքներ ներմուծելով Չինաստանից։ Այս ապրանքների հիմնական գնորդներն էլ խորհրդային շրջանում չապրած մարդիկ են՝ երիտասարդները կամ զբոսաշրջիկները։ Այսպես տեղի է ունենում ներքևից եկող գլոբալիզացիա, երբ դրա պահանջը գալիս է ոչ թե կառավարություններից, այլ քաղաքացիներից։ Համլետ Մելքումյանը մանրամասնում է, որ այս միտումը ձևավորվել է COVID-19-ից որոշ ժամանակ առաջ, իսկ դրանից հետո ավելի մեծ թափ առել։ Հետազոտողի խոսքով համավարակը ազդել է նաև շուկաների և առևտրական ուղիների բնույթի վրա՝ վաճառքը տեղափոխելով թվային հարթակներ (Ֆեյսբուք, Ինստագրամ, Տիկտոկ), ստեղծելով թվանշային բազարներ։
Շուկաները միայն առևտրի մասին չեն․ այնտեղ նաև պայքարում են գոյատևման և գաղափարների համար։ Երբ քաղաքային իշխանությունները այս կամ այն պատճառով ուզում են փակել շուկան կամ դրա մի հատվածը, առևտրականները դիմադրում են ու հաճախ հաջողում։ Հետազոտողը հիշատակում է, թե ինչպես Երևանում 2017-ին ձեռագործ աշխատանքներ վաճառող կանայք բողոքի ակցիա ձեռնարկեցին քաղաքապետարանի դիմաց, երբ նրանց շուկայի տարածքից հեռացնելու որոշում կար։
Այսպիսի դիմադրությունները երկու հիմնական պատճառ ունեն։ Նախ վարպետ-առևտրականների համար սա սոցիալ-մշակութային միջավայր է․ մարդիկ այստեղ գալիս են՝ հիշելու խորհրդային կայուն անցյալի իրենց կյանքը, միմյանց հետ անցած-գնացած դժվարությունները։ Այս ամենին զուգահեռ՝ քանդված սոցիալիստական համակարգից կապիտալիստականի անցման ճանապարհին վաճառողները ուրիշ հմտություններ ձեռք չեն բերել ու միայն դրանով կարող են զբաղվել։
Հետ գալով սկզբնական հարցերին․ ինչո՞ւ եք նվերներ կամ օգտագործված իրեր գնելու համար Երևանում՝ Վերնիսաժն ու Հրազդանի շուկան, Թբիլիսիում՝ Մշրալի Խիդին ընտրում։ Նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք Դուք ապրել եք խորհրդային շրջանում։ Համաձայն հետազոտության՝ եթե Դուք խորհրդային կյանքին ծանոթ չեք, հավանաբար կընտրեք Վերնիսաժը, քանի որ միֆականացված, էկզոտիկացված պատկերացումներ ունեք խորհրդային անցյալի մասին, Դուք չգիտեք՝ ինչպիսին է եղել այդ անցյալը, սակայն լսել եք դրա կայունություն կամ բարեկեցության մասին։
Իսկ եթե ապրել եք խորհրդային շրջանում, ավելի հավանական է, որ կգնաք հնոտիների շուկա՝ ոչ միայն Ձեր պատկերացմամբ որակյալ ապրանքների ձեռքբերման համար, այլև աֆեկտիվ նոստալգիայի պատճառով։ Դա այն է, երբ որոշակի ձայներ, իրեր, բույրեր, միջավայրեր մարդուն տեղափոխում են անցյալ, օգնում վերագտնել ու հատկապես վերզգալ անձնական հիշողությունները և դրդում այդ պահին կայացնել որոշում ու ձեռք բերել իրեր։ Համլետ Մելքումյանը հոդվածում պնդում է, որ, օրինակ, մարդիկ, որոնք Թբիլիսի Մշրալի Խիդիի բազարում սիրում են այցելել և գնումներ անել, կարոտում են ոչ թե խորհրդային կառավարման համակարգը, այլ առավելապես այդ ժամանակ իրենց ունեցած միջանձնային հարաբերությունները, կյանքի առանձնահատկությունները, մանկությունը և երիտասարդությունը։
Ի՞նչ կլինի այս միջավայրերի հետ։ Հայաստանում՝ վարպետների, Վրաստանում էլ սեփական կամ ծանոթների իրերը վաճառող առևտրականների՝ շուկաներից հեռանալով՝ փոխվում է նաև դրանց բնույթը։ Թեև կան դեպքեր, երբ վարպետների ընտանիքները շարունակում են ընտանեկան բիզնեսը, վերավաճառողները այնուամենայնիվ շարունակում են գերակշռել։ Սա, մշակութային մարդաբանի խոսքով, փոխում է նաև շուկաներ այցելության նպատակները, հատկապես խորհրդային շրջանում ապրած մարդկանց համար։ Այս շուկաները, սակայն, չեն վերանա։ Հետազոտողը բացատրում է, որ դրանց կարիքը տնտեսապես անկայուն երկրներում կա, որովհետև վաճառողները գալիս են շուկա՝ տնտեսական ու սոցիալական անհրաժեշտությունից ելնելով։ Մարդիկ, որոնք տնտեսապես ոչ բարենպաստ վիճակում են գտնվում, կարող են այս բազարներում ապրանքներ վաճառել ու դրանով ապրուստ վաստակել՝ գտնվելով մի միջավայրում, որը իրենց հիշեցնում է իրենց անցյալը, ապահովում շփումը այլոց հետ։
2010-ից է Համլետ Մելքունյանը սկսել ուսումնասիրել Թբիլիսիի շուկաները։ Սկզբում առևտրականների հետ ռուսերենով էր զրուցում, սակայն հետազոտողի համար կարևոր ու պարտադիր է սովորել հետազոտական միջավայրի լեզուն։
«Դա հարգանք է այդ հանրության, միջավայրի, մշակույթի նկատմամբ, և եթե մենք ուզում ենք, որ մեզ վստահեն, և մենք աշխատենք փոխադարձ վստահության մեջ, լավ է, եթե կարողանանք կամ գոնե փորձենք հաղորդակցվել այդ միջավայրի լեզվով»։
Համլետ Մելքումյան
Մելքումյանը սովորեց վրացերեն, ապա կանգնեց մեկ այլ էթիկական դժվարության առաջ․ առևտրականները նրան խնդրում էին միջնորդ դառնալ՝ Հայաստան-Վրաստան ապրանքաշրջանառության համար։ Մշակութային մարդաբանը նշում է՝ ինքը նրբանկատորեն մերժում էր նման առաջարկները։ Սա, իհարկե, կարող է թուլացնել տեղացիների՝ հետազոտողին օգնելու պատրաստակամությունը, սակայն նաև ցույց է տալիս մարդկանց, որ հետազոտողը հստակ գիտական խնդիրների շուրջ է աշխատում։
Նախորդ տարի Համլետ Մելքումյանը իր արտասահմանցի գործընկերների հետ հրապարակել է «Հայացք առևտրին․ շուկաները Եվրասիայում» գիրքը։ Այն Հայաստանի, Վրաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների ու Չինաստանի ոչ ֆորմալ շուկաները ներկայացնող միջգիտակարգային պատկերագիրք է, որով կարելի է տեսնել այդ շուկաների սոցիալական, գենդերային, մշակութային ու քաղաքական յուրահատկությունները։
20 տարի Համլետ Մելքումյանը ուսումնասիրել է այս խնդիրները, բացահայտել հետխորհրդային երկու քաղաքների ոչ ֆորմալ շուկաների ձևավորման յուրահատկությունները, աշխատողների ու այցելուների շարժառիթները, նկարագրել է քաղաքային անհավասարության և հանրային տարածքների ապրանքայնացման քաղաքակական և սոցիալական օրինաչափությունները երկու քաղաքներում։ Հիմա հետազոտողտ Երևանի ու Թբիլիսիի շուկաների հետազոտությունը ավարտված է համարվում։ 2020-ից նա սկսել է ուսումնասիրել քաղաքների հանրային տարածքներում մարդ-էկո միջավայր մշակութային-քաղաքական գործակցությունները, բայց ինչպես ասում է՝ հանրային կարևոր միջավայրերը՝ շուկաները, անընդհատ հայտնվում են։
Գլխավոր նկարում՝ Վերնիսաժը 2000-ականների սկզբին (Հ․ Մելքումյանի արխիվից)
Լուսանկարները՝ Ռոման Աբովյանի
Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Ածխածին-ջրածին կապերը, մետաղների մասնակցությամբ բարդ ռեակցիաներն ու օրգանական քիմիան | Հանրագիտ»
«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։