azatutyun.am «Մենք պետք է հիշենք, թե ինչու են երկրները ցանկանում լինել ՆԱՏՕ-ում, քանի որ չեն ցանկանում, որ Ռուսաստանը հարձակվի իրենց վրա», – լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:
«Եվ այդ պատճառով Շվեդիան և Ֆինլանդիան միացան ՆԱՏՕ-ին, այդ պատճառով էլ Բալթյան երկրները միացան ՆԱՏՕ-ին՝ այս պաշտպանական հովանոցն ունենալու համար։ Հիմա, եթե սա կասկածի տակ չէ, կամ դա բացառված է, ապա մենք պետք է տեսնենք, թե որոնք են իրական անվտանգության երաշխիքները։ Դրանք չեն կարող լինել թղթեր կամ խոստումներ։ Դրանք պետք է լինեն իրական զորքեր, իրական կարողություններ, որպեսզի Ուկրաինան կարողանա պաշտպանվել։ Մենք պետք է հասկանանք, որ Դոնբասը Պուտինի վերջնական նպատակը չէ։ Եթե նա ստանա Դոնբասը, ապա ամրոցը կփլուզվի, և այդ դեպքում նրանք անպայման կանցնեն ամբողջ Ուկրաինայի գրավմանը։ Եվ եթե Ուկրաինան գնա, ապա մյուս տարածաշրջանները նույնպես վտանգի տակ կլինեն», – հավելել է Կալասը։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ոչ բոլոր երկրներն են ներկայումս պատրաստ ընդունել Ուկրաինային, ուստի Կիևը, ինչպես Զելենսկին է ասել, պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի և Եվրոպայի անվտանգության երաշխիքները որպես փոխզիջում՝ մնալով ՆԱՏՕ-ից դուրս։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է պահանջել, որ Ուկրաինան պաշտոնապես հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցության իր հավակնություններից:
ԵՄ պաշտոնյայն ընդգծել է՝ անվտանգության երաշխիքների կարիք ունի Ուկրաինան, ոչ թե Ռուսաստանը:
«Ինչպես արդեն ասացի, վերջին 100 տարվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է առնվազն 19 երկրի վրա, որոշները՝ մինչև երեք կամ չորս անգամ։ Այդ երկրներից ոչ մեկը երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա, ուստի նրանց անվտանգության երաշխիքներ պետք չեն։ Անվտանգության երաշխիքները անհրաժեշտ են մնացած բոլորի համար», – ասել է Կայա Կալասը։