Մենք այսօր հավաքվել ենք Եվրոպական Միության գրասենյակի առջև բարձրացնելու մի շատ կարևոր հարց. սա առաջին անգամը չէ, որ մենք այստեղ ենք, և դա արդեն խոսում է այն մասին, որ այս խնդիրները դեռևս լուծված չեն, որովհետև ԵՄ-ն տարիներ շարունակ արձագանքել է Հայաստանում քաղաքական ճգնաժամերին, երբ դրանք համընկնում էին իրենց քաղաքական օրակարգին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ–ական երիտասարդներից մեկը։
«Մինչև 2018 թվականը Եվրոպական Միությունը հետևողականորեն բարձրաձայնում էր մարդու իրավունքների, արդարադատության և ժողովրդավարական չափանիշների խախտումների մասին: Այն ընդգծել է քաղաքական հետապնդումների, ընտրական խախտումների և քաղաքական ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման անթույլատրելի էությունը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը։ Բայց այսօր 2025 թվականին նույն Եվրոպական Միությունը լռում է, և մենք ստիպված ենք հարցնել, թե ինչու։
2018 թվականից հետո Հայաստանում ձևավորվել է ընտրովի արդարադատության նոր համակարգ, որտեղ քրեական հետապնդումները կիրառվում են ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության հիման վրա։ Այսօր Հայաստանում հալածվում են Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսներ, ազգային բարերարներ, հասարակական քաղաքական գործիչներ, ընդդիմադիր համայնքապետեր, մարդիկ, որոնք ամիսներով և տարիներով պահվում են նախնական կալանքի տակ, զրկված են արդար դատաքննության իրավունքից և ենթարկվում են քաղաքական հետապնդումների։
Նրանք քաղբանտարկյալներ են, անկախ նրանից, թե իշխանությունները նրանց ինչպես կանվանեն։ Եվ խնդիրը միայն Հայաստանում չէ, այսօր Ադրբեջանում պահվում են Արցախի նախկին և ներկա ղեկավարներ, հայ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք։ Եվ այստեղ կրկին հարց ենք տալիս Եվրոպական Միությանը։ Եթե մարդու իրավունքները համընդհանուր արժեք են, ապա ինչու են դրանք գործի դրվում ընտրովի։ Ինչո՞ւ ԵՄ-ն կարող է խիստ դիրքորոշում արտահայտել աշխարհի մի մասում, սակայն մյուս մասում իր գործընկեր երկրում գտնվող խախտումներին վերաբերվում են կամընտրական։
Լռությունը դիվանագիտություն չի, լռությունը քաղաքական ընտրություն է, և այդ լռությունը ուղիղ ազդանշան է իշխանություններին շարունակելու, իսկ քաղաքացիներին՝ վախենալու։
Մենք չենք պահանջում, որ Եվրոպական Միությունը փոխարինի Հայաստանի դատական համակարգը, մենք պահանջում ենք, որ ԵՄ-ն հետևի իր հայտարարած սկզբունքներին։ Մենք պահանջում ենք պաշտոնապես արձանագրել Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը, ներառել կոնկրետ գործերը ԵՄ–Հայաստան քաղաքական օրակարգում, պահանջել քաղբանտարկյալների ազատ արձակում, հստակ դիրքորոշում հայտնել հայ ռազմագերիների և Արցախի ղեկավարների ապօրինի պահման հարցում։
Մարդու իրավունքները չեն կարող բաժանվել հարմար և անհարմար դեպքերի, ժողովրդավարությունը չի կարող լինել միայն անցյալի խնդիր։ Եթե ԵՄ-ն այսօր լռում է, ապա վաղը այդ լռությունը կբերի նոր բանտարկությունների, նոր քաղբանտարկյալների և նոր ճնշումների։ Մենք այստեղ ենք, որպեսզի դա թույլ չտանք, մենք չենք կարող պատկերացնել, որ եվրոպական արժեքները կրող մարդիկ, որոնք լիազորված են հնչեցնելու Եվրամիության տեսակետը և կարծիքը Հայաստանում, կարող են հաշտ լինել վերոնշյալ իրադարձությունների հետ։
Այդ իսկ պատճառով մենք վստահաբար հայտարարում ենք, որ Եվրոպական Միությունը դե ֆակտո լքել է Հայաստանի Հանրապետությունը և այստեղ միայն մոռացել է Եվրոպական Միության դրոշը և զինանշանը ու մոռացել է հայտարարություն անել մի բանի մասին, որ այս շենքը տրվում է վարձով, որը մենք կուղղենք»,– հայտարարեց նա։
Ցուցարարների ձեռքին բացի քաղբանտարկյալների պատկերով պաստառներից կային նաև «տրվում է վարձով» պաստառներ։
«Ազատություն քաղբանտարկյալներին։ Արդարություն առանց ընտրովի մոտեցմանը, եվրոպական արժեքներ ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում»,– իր խոսքն ամփոփեց բանախպոսը։
Դրանից հետո ակցիայի մասնակիցները սկսեցին վանկարնել՝ «ազատություն»։
Ակցիան կազմակերպել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միությունը։