Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Supermicro ընկերության գործարար զարգացման գծով փոխնախագահ Նենսի Լիի գլխավորած պատվիրակության հետ։
Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Քննարկման առանցքում էին 𝐒𝐮𝐩𝐞𝐫𝐦𝐢𝐜𝐫𝐨 ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում, այդ թվում` գործունեության ընդլայնումը, տեխնոլոգիական միջավայրում ներդրումային ծրագրերի իրականացումը, արհեստական բանականության կիրառման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել նաև այդ ոլորտում կառավարության նախաձեռնություններին։
«Իմ խոսքում ներկայացրել եմ նախարարության գործունեության հիմնական ուղղությունները և ոլորտում իրականացվող ծրագրերը՝ ընդգծելով Հայաստանի հետաքրքրվածությունը բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման և ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում:
Այդ համատեքստում անդրադարձել եմ ԱԲ կիրառման ուղղությամբ իրականացվող նախաձեռնություններին՝ ներկայացնելով դրանց շրջանակն ու զարգացման ռազմավարական մոտեցումները, ինչպես նաև Կառավարության կողմից արդեն իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները»,- գրել է Հայրապետյանը։
Նախարարը ներկայացրել է նաև նոր ընդունված օրենսդրական փաթեթը, որը նախատեսում է յոթնամյա պետական աջակցություն՝ նպատակ ունենալով խթանել նոր աշխատատեղերի ստեղծումը, կրթության ոլորտում ներդրումները և հետազոտությունների ու մշակումների (R&D) զարգացմանը նպաստող ծրագրերը։
Ամփոփելով հանդիպումը՝ երկուստեք կարևորվել է քննարկումների շարունակականությունը և ընդգծել փոխադարձ հետաքրքրություն` համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։