Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Կովկասի վերաբերյալ «Թրամփի ծրագիրը» (խոսքը TRIPP-ի մասին է,- խմբ.) ըստ էության նույնն է, ինչ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը»։
Այս մասին հաղորդում է իրանական Irna գործակալությունը՝ նշելով, որ Վելայաթին ասել է՝ «Թեհրանը կտրականապես դեմ է դրան»։
Ըստ իրանական կողմի՝ Վելայաթին նշել է, որ Իրանը ի սկզբանե դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին», քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է իր շուրջ անվտանգության միջավայրին սպառնալիքներից։
Վելայաթին պնդել է, որ այդ միջանցքը կարող էր հնարավորություն ստեղծել ՆԱՏՕ-ի ներկայության համար Իրանի հյուսիսում՝ լուրջ անվտանգային ռիսկեր առաջացնելով երկրի հյուսիսային շրջանների և Ռուսաստանի հարավի համար։
Նա հավելել է, որ «Թրամփի ծրագիրը» փաստացի նույն նախագիծն է՝ միայն անվան փոփոխությամբ, և այժմ այն իրականացվում է Հայաստան ԱՄՆ ընկերությունների մուտքի միջոցով։
Ինչպես փոխանցում է Irna-ն՝
ՀՀ դեսպան Հակոբյանը Իրանի հետ հարաբերությունները բնութագրել է որպես ռազմավարական և ընդգծել, որ Թեհրանի հետ կապերի ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։