pastinfo.am Հայաստանը պատրաստ է համագործակցել Եվրոպական միության հետ հիբրիդային հարձակումների և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ՝ փորձի փոխանակման և արդյունավետ գործիքակազմի կիրառման շրջանակում։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
Նրա խոսքով՝ հիբրիդային հարձակումներն ու ապատեղեկատվությունը միայն Հայաստանի խնդիրը չեն․ դրանք համաշխարհային բնույթ ունեն և ուղղված են ժողովրդավարության դեմ՝ տարբեր երկրների ներսից ու դրսից իրականացվող ազդեցություններով։ Այս համատեքստում, Խանդանյանի խոսքով, Եվրոպական միությունն ու մի շարք այլ կառույցներ ունեն գործիքակազմ, որը որոշակի արդյունավետություն է ցույց տվել։
Նրա գնահատմամբ՝ Եվրամիությունը պատրաստ է իր փորձով և գործիքակազմով կիսվել Հայաստանի Հանրապետության հետ։
«Այստեղ որևէ միջամտության հարց չի կարող լինել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, քանի որ խոսքը փորձի փոխանակման մասին է»,– ընդգծեց Խանդանյանը։
Նա նաև արձագանքեց ընդդիմության քննադատությանը՝ նշելով, որ իշխանություններին մեղադրում են ԵՄ-ին երկրի ներքին գործերին խառնելու մեջ, մինչդեռ, նրա խոսքով, իրական միջամտության շատ ցցուն և վառ օրինակներ նախկինում արդեն տեսել են։