civilnet.am ՌԴ քաղաքացի, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ռուսական կողմի ուշադրության կենտրոնում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
«Ռուսաստանի քաղաքացիների և ռուսական բիզնեսի շահերի պաշտպանությունը միշտ եղել է և կմնա մեր գերակա խնդիրը: Մեզ համար անցանկալի է, որ Կարապետյանի՝ տարիների ընթացքում կառուցված բիզնես ձեռնարկությունները, թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում, տուժեն»,- ասել է ռուս դիվանագետը։
Նա հայտնել է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան միջոցով հնարավոր է դարձել հյուպատոսական մուտք ունենալ Կարապետյանի մոտ՝ կալանավայր։ Կալուգինի խոսքով՝ ռուս դիվանագետները վերջին անգամ Կարապետյանի այցելել են դեկտեմբերի սկզբին։
«Մենք ստանում ենք Կարապետյանի առողջության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝ նրա փաստաբանների և հարազատների միջոցով: Նա հայտնում է, որ իրեն լավ է զգում, լավատես է և լավ տրամադրությամբ»,- հայտնել է Կալուգինը:
Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը Կարապետյանի հարցը պարբերաբար բարձրացնում է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մոտ: «Մենք ընդգծում ենք, որ Կարապենյանը վեց ամիս է՝ կալանքի տակ է առանց դատարանի որոշման։ Մենք նաև ազդանշաններ ենք փոխանցում, որ այս իրավիճակում այլ հայ ձեռնարկատերեր զգուշավոր են դառնում Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարների նկատմամբ և կասկածի տակ են դնում նրա ներդրումային միջավայրի կայունությունը, ինչը, հավանաբար, չի նպաստի երկկողմ առևտրի աճի տեմպի պահպանմանը»,- ասել է Կալուգինը։