Իրանի շահերը ՀՀ-ի հետ մեծամասամբ համընկնում են, չեմ կարծում՝ անհանգստանալու բան կա. Ռուբինյան | news.am

news.am Նախ պետք է հիշել նաև, որ ձեր նշած հրապարակմանը զուգահեռ եղել է նաև հրապարակում, թե ինչ է ասել այդ հանդիպման ժամանակ մեր դեսպանը իրանական կողմին. դեսպանը կրկնել է, որ TRIPP–ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո և հավասարության փոխադարձության սկզբունքներով և ոչ Թրիփը նույն Զանգեզուրի միջանցքը չէ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ Իրանից անհանգստություններ են հնչում «Թրամփի ուղու» հետ կապված, մասնավորապես,  Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականը նշել է, որ դա «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանությամբ է և իրենք խնդիր են տեսնում, որ կարող է ՆԱՏՕ-ն այնտեղ լինել և անվտանգային խնդիրներ առաջանալ իրենց համար։

«Ինչ վերաբերում է Իրանի դիրքորոշումներին, մենք մշտապես կապի մեջ ենք մեր իրանցի գործընկերների հետ և տեղեկացնում ենք իրենց զարգացումների վերաբերյալ, հաշվի ենք առնում իրենց զգայունությունները։ Իրենց շահերը հաշվի առնված են, և այս առումով շատ կարևոր է նշել, որ Իրանի ԱԳՆ-ն, այդ թվում Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել է, որ այս նախագիծը իրենց կարմիր գծերը հաշվի առնում է և նաև հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ սա ուժի մեջ է»,–ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են իրանական կողմից պարբերաբար նման հայտարարություններ հնչում, Ռուբինյանը պատասխանեց. «Ընդհանրապես, ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը։ Մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա։

Մենք կարող ենք ասել հետևյալը, որ Ա) բացառվում է Հայաստանում լինի որևէ նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Բ) մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը և Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան և այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ։

Մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի ԱԳՆ–ն բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա, և Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնված են։ Իրականում դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն