Թրամփը դատի է տվել BBC-ին` պահանջելով 5 մլրդ դոլար | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել BBC-ին և Բրիտանական հեռարձակման կորպորացիայից պահանջում է 5 մլրդ դոլար։ Առիթը 2021 թվականի հունվարի 6-ի իր ելույթի օգտագործումն է Panorama վավերագրական ֆիլմում:

Դեկտեմբերի 15-ին Ֆլորիդայի դատարան ներկայացված հայցում Թրամփի փաստաբանները BBC-ին մեղադրում են առևտրային օրենքները խախտելու և 2021 թվականի հունվարի 6-ի՝ իր կողմնակիցների կողմից Կապիտոլիումի վրա հարձակվելու օրը Թրամփի ելույթը «դիտավորյալ, չարամիտ և մոլորեցնող» ձևով խմբագրելու մեջ։ BBC-ի ղեկավարությունը դեռևս պաշտոնապես չի մեկնաբանել հայցը։

Նոյեմբերին BBC-ն ներողություն էր խնդրել Թրամփից խոսքերը խմբագրելու համար, բայց մերժել էր նրա փոխհատուցման պահանջը՝ պնդելով, որ զրպարտության մեղադրանքները հիմք չունեն։

Նոյեմբերի սկզբին Թրամփը հայտարարեց BBC-ին դատի տալու իր մտադրության մասին։«Կարծում եմ՝ պետք է դա անեմ։ Նրանք խաբեցին։ Նրանք փոխեցին իմ ասած խոսքերը», – լրագրողներին ասել էր Թրամփը։ Այնուհետև նա նամակ էր ուղարկել կորպորացիային՝ սպառնալով դատական ​​​​հայց ներկայացնել։

Թրամփի խոսքերի խմբագրման շուրջ սկանդալը բռնկվել էր այն բանից հետո, երբ բրիտանական The Telegraph թերթը հրապարակել էր BBC-ի խմբագրական չափորոշիչների կոմիտեի նախկին անկախ խորհրդական Մայքլ Պրեսկոտի ծառայողական հուշագիրը։

Այնտեղ Պրեսկոտը BBC-ի ղեկավարության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ Դոնալդ Թրամփի ելույթը կորպորացիայի առաջատար ծրագրերից մեկում՝ Panorama-ում, խմբագրվել էր այնպես, որ նրա խոսքերի իմաստը աղավաղվել էր։

2021 թվականի հունվարի 6-ին Վաշինգտոնում ունեցած իր ելույթում Թրամփն ասել է. «Մենք կգնանք Կապիտոլիում և կծափահարենք մեր քաջարի սենատորներին և կոնգրեսականներին»։ Ավելի քան 50 րոպե անց (նույն ելույթում) նա հայտարարել է. «Եվ մենք կպայքարենք։ Մենք կպայքարենք մեր ողջ ուժով»։

Սակայն անցյալ տարի հեռարձակված «Թրամփ. երկրորդ հնարավորություն» խորագրով ֆիլմում նրա խոսքերը մեջբերվել են հետևյալ ձևակերպմամբ. «Մենք կգնանք Կապիտոլիում… և ես կգնամ ձեզ հետ։ Եվ մենք կպայքարենք։ Մենք կպայքարենք մեր ողջ ուժով»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն