factor.am Բեռլինում բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է նախկինում հայտնված տեղեկատվությունը, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան նախնական պայմանավորվել են Կիևի համար անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք բովանդակությամբ նման են Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մենք ակնկալիք ունենք հինգ փաստաթղթերից, որոնցից մի քանիսը անվտանգության երաշխիքների վերաբերյալ են։ Իրավաբանորեն պարտադիր են, այսինքն՝ դրանք պետք է քվեարկվեն և հաստատվեն ԱՄՆ Կոնգրեսի կողմից։ Որտեղ կա «հինգերորդ հոդված», ինչպես ՆԱՏՕ-ում … Եվ դա կքվեարկվի Կոնգրեսի կողմից, կան համաձայնություններ այս հարցի շուրջ, և դա շատ կարևոր է», – Բեռլինից մեկնող ինքնաթիռում լրագրողներին ասել է Զելենսկին։
«Ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք անվտանգության ամուր երաշխիքներին … տեսականորեն, այսօր թղթի վրա տեսնում ենք լավ տարրեր, բայց փաստը Միացյալ Նահանգների Կոնգրեսում քվեարկությունն է»,- հավելել է նա։
Բեռլինում BBC-ի թղթակիցը բանակցություններից անմիջապես հետո հաղորդել է, որ կողմերը համաձայնության են եկել նման փաստաթղթի շուրջ՝ որպես խաղաղության ծրագրի մաս, հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։
«Այս համաձայնագիրը հիմնված է չափազանց ուժեղ երաշխիքների վրա, որոնք էապես նման են 5-րդ հոդվածին, ինչպես նաև շատ ուժեղ զսպման մեխանիզմների վրա. դրանք վերաբերում են ուկրաինական զորքերի թվին և նրանց հասանելի զենքին», – լրագրողներին, այդ թվում՝ BBC-ի թղթակցին, ասել է աղբյուրներից մեկը։
Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը պարտավորեցնում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին իրենց երկրներից մեկի վրա հարձակումը համարել բոլորի վրա հարձակում և օգնություն ցուցաբերել այս կամ այն ձևով՝ ոչ պարտադիր ռազմական օգնություն։
Պաշտոնյաներից մեկն ասել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը կարծում է, որ կարող է համոզել Ռուսաստանին համաձայնվել Ուկրաինայի համար նման երաշխիքներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում