ԿԳՄՍ փոխնախարարն ու նախարարի խորհրդականը չնախատեսված այցեր են կատարել Երևանի թիվ 126 և 185 հիմնական դպրոցներ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը չնախատեսված այց են կատարել Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 և Երևանի թիվ 185 հիմնական դպրոցներ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Պաշտոնյաները շրջել են դպրոցներում, տեղեկացել առկա խնդիրներից, զրուցել աշակերտների հետ: Մասնավորապես՝ Արաքսիա Սվաջյանը բարձր դասարաններում սովորող աշակերտների հետ զրույցում հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն նրանք, ինչ հաճախականությամբ են մասնակցում նախագծային աշխատանքներին, որքանով են դրանք դուր գալիս սովորողներին և այլն: Նախարարի տեղակալին հետաքրքրել է նաև 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների նախապատրաստման ընթացքը՝ պայմանավորված Հանրակրթության պետական չափորոշչի նոր ձևաչափով. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաներից սովորողներն իրենց ընտրությամբ հանձնելու են թեստայի՞ն, թե՞ նախագծային աշխատանք։

Կրտսեր դասարանների աշակերտները պատմել են իրենց սիրած առարկաների, գրքերի ու նախասիրությունների մասին:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նոր չափորոշչի ներդրման արդյունքների շուրջ քննարկումները թե՛ աշակերտների, թե՛ մանկավարժական կազմի հետ՝ դրանք հնարավորինս նպատակային իրականացնելու համար: Կարևորելով նոր չափորոշչով սահմանված պահանջների գործնական կիրառումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է կառավարչական և փաստաթղթային ընթացակարգերի պահպանման վերահսկողությունը:

Նշենք, որ Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 հիմնական դպրոցում սովորում է շուրջ 190, Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում՝ 520 աշակերտ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն