Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելի հետ:
Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն՝ ընդգծելով, որ այն զարգանում է փոխադարձ վստահության, ընդհանուր արժեքների և շահերի հիման վրա։
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերություններն իրենց բովանդակությամբ ռազմավարական են, ինչն իր արտահայտությունն է ստանում իրականացվող համատեղ ծրագրերում, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարության և դիմակայության զարգացման Լյուքսեմբուրգի աջակցության մեջ:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությանը վերաբերող հարցերի, մասնավորապես՝ նոր, ավելի հավակնոտ ռազմավարական օրակարգի իրականացմանն ուղղված մեխանիզմների արդյունավետ կիրառմանը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությունը շարունակել զարգացնել տարբեր ձևաչափերում:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Արարատ Միրզոյանն ու Քսավյե Բետելը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։