civilnet.am Եվրամիությունը մինչև 2025-ի ավարտ Վրաստանին որևէ ֆինանսական օգնություն չի տրամադրի, հայտնել են Եվրահանձնաժողովից։
«Աջակցությունը, հավանաբար, չի վերսկսվի 2026-ին»,- հայտնել են Եվրահանձնաժողովից։
2024-ին ԵՄ-ն դադարեցրել է Վրաստանի իշխանություններին ավելի քան 120 մլն եվրո ուղղակի օգնություն տրամադրելը։ Այս միջոցները նախատեսված էին տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար։
Ըստ Եվրահանձնաժողովի՝ Վրաստանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ, և երկրում մարդու իրավունքների վիճակը զգալիորեն վատթարացել է 2024-ի խորհրդարանական ընտրություններից հետո։ Վրաստանի իշխանությունները համակարգված ճնշումների քաղաքականություն են վարում, որը խաթարում է հիմնարար ժողովրդավարական սկզբունքները և ճնշում այլախոհությունը։
Նոյեմբերի վերջին իշխող «Վրացական երազանք- ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցության բանակցությունների հարցումները մերժելուց մեկ տարի անց Վրաստանը զգալիորեն ամրապնդել է իր ինքնիշխանությունը և «ցույց է տվել ամբողջ աշխարհին, որ վրացական պետության վրա մատ թափ տալ պետք չէ»։
Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց ԵՄ անդամակցության բանակցությունների սառեցման մասին մինչև 2028-ը։ Այս հայտարարությանը հետևեցին անկարգություններ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջեցին նոր խորհրդարանական ընտրություններ և նախկին բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում։