Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ամրապնդման հարցեր | armenpress.am

armenpress.am Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

«Ես կցանկանայի առանձին շնորհակալություն հայտնել իմ ռուս գործընկերներին, Ռուսաստանի Դաշնությանը մեր միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Մենք պետք է ձեզ հետ սերտ խորհրդակցություններ անցկացնենք հնարավոր ապագա իրադարձությունների վերաբերյալ», – ասել է Արաղչին։

Նա նաև ընդգծել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերություններն օրեցօր խորանում են։

Արաղչիի խոսքով՝ Ռուսաստանի հետ ունեն ընդհանուր դիրքորոշումներ շատ հարցերի շուրջ՝ հավելելով, որ ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության պայմաններում իրենց դիրքորոշումները նույնն են։

Նա նշել է, որ էներգետիկ ոլորտը Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ոլորտներից մեկն է, և որ ունեն բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ և նախագծեր՝ պատժամիջոցներին դիմակայելու, գազի և նավթի փոխադրման և վաճառքի ոլորտում համագործակցություն հաստատելու վերաբերյալ։

«Այսօր մենք հնարավորություն ունենք ավելի մանրամասն վերանայել մեր հարաբերությունները և ամրապնդել համակարգումը։ Մենք նաև հնարավորություն ունենք կարծիքներ փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ»,- ասել է նախարարը։

«Իրան-Ռուսաստան հարաբերությունները բնութագրվում են իրենց համապարփակությամբ և բազմակողմանիությամբ, քանի որ դրանք ներառում են քաղաքական, տնտեսական, մշակութային, պաշտպանական և անվտանգության բոլոր ոլորտները»,- ընդգծել է Արաղչին՝ հավելելով, որ Իրանի և Ռուսաստանի միջև խորհրդակցությունները շարունակվում են, և երկու երկրները գտնվում են համագործակցության բարձր մակարդակի վրա։

Հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցության համաձայնագիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն