news.am Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու համար միջնորդություններ են ներկայացրել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Մհեր Մելքոնյանը, ինչպես նաև դերասան Լևոն Հարությունյանը։
Պաշտպանները առաջարկեցին Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ կամ դրանց համակցությունը, որով հնարավոր է ամբողջությամբ ապահովել Վարդան Ղուկասյանի իրավաչափ վարքագիծը և կանխել դրա բոլոր դրսևորման ռիսկերը։ «Ես նաև միջնորդում եմ որպեսզի հերթականությամբ, ըստ խստացման, տնային կալանք խափանման միջոցը կիրառվի, երաշխավորություն խափանման միջոցը, ինչպես նաև գրավ խափանման միջոցը, եթե գրավի չափի ընտրությունը տողնում ենք դատարանի հայեցողությանը, սակայն մինչև 5 միլիոն դրամի չափով»,–ասաց պաշտպաններից մեկը։
Մինչ այդ հանրային մեղադրողը միջնորդել էր երեք ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի կլանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ-ն նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։