Վարդան Ղուկասյանը ունի հեղինակություն. մեղադրողը բացատրեց, թե ինչու Ղուկասյանը պետք է մնա կալանքի տակ | news.am

news.am Նախաքննության ընթացքում մեղադրյալ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և սահմանափակվել է հաղորդակցությունների իրավունքը՝ բացառությամբ մերձավոր ազգականների և ընտանիքի անդամների հետ. դատարանների կողմից արձանագրվել է որ քրեական վարույթում առկա են բավարար փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ մեղադրյալը առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցավոր արարքի կատարման հետ։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց մեղադրող կողմը։

«Ընդ որում, այս առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է և վերաքննիչ դատարանը համաձայն է եղել Առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հետ։ Առնվազն մեզ՝ իրավաբաններից, քաջ հայտնի են, որ մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի փուլում, որ հիմնավոր կասկածի վերաբերյալ ավելի խորացված դիրքորոշումներ հայտնելու անհրաժեշտություն առկա չէ, հետևաբար ես գտնում եմ, որ պետք մենք պետք է ընդամենը արձանագրենք, որ այո, քրեական գործում առկա փաստական տվյալները վկայում են հիմնավոր կասկածի առկայության մասին։

Քրեական վարույթում առկա փաստական տվյալները վկայում են այն մասին, որ առկա է բարձր ռիսկային հավանականություն, ռիսկ առ այն, որ մեղադրյալը ազատության մեջ մնալու դեպքում առաջինը կկատարի հանցանք։ Եվ երկրորդը, ազատության մեջ մնալու դեպքում չի կատարի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով որպես մեղադրյալ իր վրա դրված պարտականությունները, այդ թվում անօրինական ազդեցություն հնարավոր է գործադրի դատավարության մասնակիցների նկատմամբ, առնվազն իր օգտին ցուցմունքներ ստանալու նպատակով։

Իմ գնահատմամբ էական որևէ հանգամանք ի հայտ չի եկել, պահպանվել են նույն ռիսկայլությամբ նախկինում արձանագրված հիմքերը։

Ներկայումս նույն դատարանում քննվում է մեկ քրեական գործ, որը առերևույթ վկայում է, որ անձը կատարել է փաստորեն մի քանի հանցավոր արարքներ, և այս հանգամանքը որոշակի չափով վկայում է անձի հետագայում դրսևորվող վարքագծի մասին»,–ասաց նա։

Նա հիշեցրեց, որ գործում կան խոսակցություններ, որոնցում մեղադրյալ Վարդան Ղուկասյանը խոսում է նաև հետագայում անօրինական գործողություններ, առերևույթ հանցավոր արարքներ կատարելու մասին։

«Վարդան Ղուկասյանը ինքն էլ բացահայտեց, որ ունի բավականին մեծ անցած ճանապարհ, առերևույթ հանցանք կատարած ժամանակ զբաղեցրել է բարձր պաշտոն, անհերքելի է որոշակի հեղինակություն ունենալու հանգամանքը, և հաշվի առնելով, որ սույն քրեական գործով վկայակոչված անձանց գերակշռող մասը աշխատել են նաև նույն կառույցում, աշխատել են մեղադրյալի ստորադասությամբ, հռետորական հարց, արդյո՞ք ողջամիտ և հիմնավոր չէ այն կարծիքը, որ մեղադրյալը ունի ազդեցություն գործադրելու հնարավորություն, գործիքակազմ և արդյո՞ք նման քայլի չի գնա՝ իր օգտին ցուցմունքներ ստանալու համար»,– ընդգծեց հանրային մեղադրողը և միջնորդեց Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել 3 ամիս ժամկետով, քանի որ դեռ սպասվում է ապացույցների հետազոտման փուլ, որը երկար է տևում։

Վարդան Ղուկասյանը տեղից արձագանքեց. «Քիչ է։ Ես չեմ կարող այլ կերպ ինձ պահել, որովհետեւ անմեղ տեղը բերել, կոխել են էստեղ իրանց երեսից»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժել էին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվել էր 2 ամսով։

Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ-ն նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն