Հայաստանն ու Գերմանիան քաղավիացիայի անվտանգության ոլորտում գործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոյի (BFU) միջև կնքվել է «Ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության շուրջ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր։

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Համագործակցության նպատակն է քաղաքացիական ավիացիայի անվտանգության մակարդակի բարձրացումն ու ավիացիոն պատահարների կանխարգելումը։

Գերմանիայի Դաշնային Հանրապետության ավիացիոն պատահարների քննության դաշնային բյուրոն, անհրաժեշտության դեպքում և իր հնարավորությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի աջակցություն և օգնություն ավիացիոն քննությանը անհրաժեշտ սարքավորումների կիրառման, օդանավերում առկա թռիչքային տվյալների և ձայնագրությունների վերծանման ու վերլուծության, տեխնիկական լաբորատորիայի օգտագործման ծառայությունների, ինչպես նաև թռիչքային պիտանիության, աէրոնավիգացիոն ծառայությունների, աերոդրոմներին առնչվող ոլորտների մասին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Համագործակցությունը նաև նպաստում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 75-րդ կետի իրականացմանը՝ ուժեղացնել ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման լիազորված մարմնի ինստիտուցիոնալ կարողությունները և միջազգային ստանդարտներին համապատասխանությունը», ասված է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն