ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկային։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից․

«Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման դինամիկան՝ ընդգծելով, որ ձևավորվել են համատեղ աշխատանքի արդյունքում նախադրյալներ գործընկերության հետագա խորացման համար։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատումով հնարավորություն կստեղծվի հարաբերությունները զարգացնել առավել հավակնոտ օրակարգով:

Անդրադարձ է կատարվել ՆԱՏՕ-ի հետ ՀՀ համագործակցության տարբեր ծրագրերի, այդ թվում՝ միտված ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ու բարեփոխումներին: Գոհունակությամբ նշվել է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում ՀՀ ներգրավածության միջոցով ձևավորված համագործակցությունը:

Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի կողմից արտահայտված աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև տարածաշրջանում հաստատված խաղաղությանը: Մտքեր են փոխանակվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերի շուրջ:

Արարատ Միրզոյանը և Ռադմիլա Շեկերինսկայան անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռվող հնարավորություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն