Էջմիածին քաղաքում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում, հավաքվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը պահանջող քաղաքացիները, ինչպես նաև Կաթողիկոսի աջակիցները։ Տեղում նաև մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված: «Ազատության» թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանությունը շղթա է կազմել հրաժարականը պահանջող և աջակից խմբերի միջև։ Առաջին խումբը վանկարկում է «Հեռացիր», երկրորդը՝ «Վեհափառ»։
Կաթողիկոսի գլխավորությամբ թափորը Վեհարանից խմբերի միջով քայլեց դեպի եկեղեցի՝ ժամերգության: Մայր Աթոռում ժամերգության ժամանակ Գարեգին Բ կաթողիկոսը հայտարարեց՝ «այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել իրենց առաքելությունը»:
«Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը Աստծո հետ մեր ժողովրդի հավերժական ուխտի խորհրդանիշն է։ [․․․] Ցավոք, պատմության հոլովույթներում եղել են նաեւ ուժեր, որոնք ձգտել են կասկածի տակ առնել եկեղեցու առաքելությունը, ծառայեցնել եկեղեցին, Սբ․ Էջմիածինը տարատեսակ նեղ շահերի։ [․․․]
Այս պայմաններում, փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողության, միասնության ոգին զորացնելու, եկեղեցի-պետություն խաթարված հարաբերությունները վերականգնելու, ընդհակառակը՝ շարունակվում են հարձակումները մեր սուրբ եկեղեցու դեմ։ Սբ․ Էջմիածնի հանդեպ ոտնձգության հերթական փորձը կատարվեց այսօր, ցավոք, նաև մեր որոշ եկեղեցականների միջոցով։
Սակայն, հավատավոր մեր ժողովրդի զավակները մնում են աներեր և աներկյուղ։ Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր եկեղեցու պայծառության և մեր երկրի շինության համար»,- ասաց Վեհափառ հայրապետը։
Կաթողիկոսը հորդորեց «խոտոր ընթացքի մեջ եղող Սրբազան Հայրերին վերադառնալ կանոնական դաշտ և գործել միայն Սուրբ Եկեղեցու նվիրական կարգաց համաձայն՝ ի սեր մեր ժողովրդի և հայրենյաց»:
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Հայրապետական Մեր հորդորն է՝ ներկա զգայուն կացության մեջ ցուցաբերել սթափություն, լինել ողջախոհ և չենթարկվել որևէ սադրանքի։ Առաքյալի խոսքով պատգամում ենք ամենքիդ․ «Արթուն կացեք, հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի»,- եզրափակեց նա:
Մայր տաճարում ժամերգության ավարտից հետո Կաթողիկոսը ուղեկցորդների հետ վերադարձավ Վեհարան, և եկեղեցու դռները փակվեցին։
Սակայն Սբ․ Էջմիածնի բակում շարունակում են մնալ և՛ Գարեգին Բ-ի աջակիցները, և՛ նրա հեռացումը պահանջողները։ Ոստիկանության մեծաթիվ ուժերը ևս շարունակում են ծառայություն իրականացնել տարածքում։
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները «հոգևոր եղբայրներին ու ժողովրդին կոչ արեցին այսօր միանալ իրենց և Մայր Աթոռում պահանջել Գարեգին Բ-ի հեռացումը»: Այս հայտարարությունից հետո Արագածոտնի թեմը հայտարարեց, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի է ունենալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ապա մի շարք ընդդիմադիր ուժեր և անհատներ ևս հայտնեցին, որ մասնակցելու են ժամերգությանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «հորդորեց հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ հայտարարությունների ազդեցությանը»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ժամանակ ողջունել է եպիսկոպոսների հայտարարությունը՝ միաժամանակ նշելով, որ չի ուղղորդում նրանց: Նա նաև հայտնել է, որ չի մասնակցելու տեղի ունենալիք հավաքին: