Եպիսկոպոսները Կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ հանձնեցին Մայր Աթոռ. բակում իրավիճակը լարված է

Էջմիածին քաղաքում՝ Մայր Աթոռում, հավաքվել են Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացումը պահանջող քաղաքացիները, ինչպես նաև Կաթողիկոսի աջակիցները։ Տեղում նաև մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված: «Ազատության» թղթակցի փոխանցմամբ՝ ոստիկանությունը շղթա է կազմել հրաժարականը պահանջող և աջակից խմբերի միջև։ Մայր տաճարի բակում աղմուկ-աղաղակ է, երկու կողմից վանկարկումներ են՝ «Հեռացիր» կամ «Վեհափառ»։

Մինչ ընթանում էր ժամերգությունը, 10 եպիսկոպոսները, որ նախաձեռնել են կաթողիկոսի հեռացման պահանջով հավաքը, մտան Մայր Աթոռի տարածք։ Վեհարանից դուրս գալուց հետո նրանք հայտարարեցին, որ Կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարկություն։

«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր տաճարի միջից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,- հայտնեցին նրանք։

Նշենք, որ եպիսկոպոսներին շրջապատել էին մարդիկ, որոնք ճանապարհ էին բացում դեպի տաճար և լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ եպիսկոպոսներին՝ հարցեր ուղղելու։ 

ՆԳՆ ոստիկանության պետ Արամ Ղազարյանը լրագրողներին հայտնեց, թե Կաթողիկոսի հեռացումը պահանջող եպիսկոպոսների «ուղեկցումն ապահովում էին աշխատակիցներ»՝ այդպես էլ չպատասխանելով՝ իրավապահ ո՞ր կառույցի ներկայացուցիչներ էին «աշխատակիցները»։

Թե ինչու նրանք համապատասխան համազգեստով չէին, ոստիկանության պետը նշեց՝ «նշանակում է՝ իրենք հագուստով ծառայություն իրականացնող չեն»։

Մայր տաճարի տարածքից աշխատող լրագրողները իրենց լուսաբանումներում հայտնում են, որ «անահամզգեստ աշխատակիցները» հրում էին բոլոր անձանց եւ բռի վերաբերմունք ցույց տալիս՝ այդ թվում լրագրողներին նկատմամբ։

ՆԳՆ ոստիկանության պետի հետ զրույցի ժամանակ լրագրողներից մեկի ինքնազգացությունը վատացավ, սակայն հայտնի չէ՝ ինչ պատճառով։ Նրան տեղում օգնություն ցուցաբերեցին։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները «հոգևոր եղբայրներին ու ժողովրդին կոչ արեցին այսօր միանալ իրենց և Մայր Աթոռում պահանջել Գարեգին Բ-ի հեռացումը»: Այս հայտարարությունից հետո Արագածոտնի թեմը հայտարարեց, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ին, միասնական ժամերգությունը տեղի է ունենալու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ապա մի շարք ընդդիմադիր ուժեր և անհատներ ևս հայտնեցին, որ մասնակցելու են ժամերգությանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «հորդորեց հավատավոր ժողովրդին պահպանել հնդարտություն և չտրվել սադրիչ հայտարարությունների ազդեցությանը»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ճեպազրույցի ժամանակ ողջունել է եպիսկոպոսների հայտարարությունը՝ միաժամանակ նշելով, որ չի ուղղորդում նրանց: Նա նաև հայտնել էր, որ չի մասնակցելու տեղի ունենալիք հավաքին:

Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի / hetq.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն