Գերմանիան ԱՄՆ-ում կմասնակցի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին. Մերց | armenpress.am

armenpress.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտնել է, որ Գերմանիայի ներկայացուցիչները կմասնակցեն ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված են առաջիկա օրերին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա մենք պետք է սպասենք և տեսնենք, թե ինչ կքննարկվի ԱՄՆ-ում առաջիկա օրերին։ Մեր կողմից մասնակցում են  ներկայացուցիչներ։ Ես նախկինի նման վստահ եմ, որ  կպահպանենք միասնական մոտեցում Ամերիկայի, Ուկրաինայի և Եվրոպայի միջև։ Իսկ հետո մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը», – լրագրողներին հայտնել է Մերցը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին։

«Ամեն դեպքում, վատթարագույն դեպքում, մենք պետք է սպասենք Ուկրաինայի ֆինանսավորման շարունակմանն՝ ավելի երկար ժամանակով», – ընդգծել է նա։

Ըստ AFP գործակալության՝ Սպիտակ տնից հայտնել են, որ ԱՄՆ և ՌԴ պաշտոնյաներն առաջիկա հանգստյան օրերին կհանդիպեն Մայամիում՝ քննարկելու խաղաղության ծրագրի շուրջ հետագա քայլերը։ Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները դեկտեմբերի 19-ին և դեկտեմբերի 20-ին նոր բանակցություններ կվարեն ԱՄՆ-ում։

ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ևս մեկ փուլ տեղի է ունեցել Բեռլինում դեկտեմբերի 14-ին. այն տևել է մոտ հինգ ժամ։ Կողմերը շարունակել են բանակցությունները դեկտեմբերի 15-ի առավոտյան, հանդիպումը  տևել է մոտ երկու ժամ։ ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը և ԱՄՆ նախագահի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները։ Ուկրաինական կողմից մասնակցել են Վոլոդիմիր Զելենսկին, Անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Անդրեյ Հնատովը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն