civilnet.am Հնդկաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեն հաղորդակցային նախագծերը, և Հայաստանը ևս կարող է շահել այդ նախագծերից. այս մասին ասել է Հնդկաստանի ԱԳՆ խոսնակ Ռանդհիր Ջայսվալը Նյու Դելիում հայ լրագրողների հետ հանդիպմանը՝ դեկտեմբերի 12-ին։ Լրագրողները Հնդկաստանում էին այդ երկրի կառավարության հրավերով։
Նյու Դելին գնալով ավելի ակտիվ մոտեցում է ցուցաբերում տարածաշրջանային առևտրի և տրանսպորտային կապերի նկատմամբ։ Հայ լրագրողների հետ հանդիպմանը Ջայսվալը խոսեց Արևմտյան Ասիայում և Եվրասիայում, այդ թվում՝ Հարավային Կովկասում Հնդկաստանի աճող հետաքրքրությունների մասին։
Հնդկաստանը մեծածավալ ներդրումներ է կատարել Իրանի Չաբահար նավահանգստում՝ որպես հիմնական ծովային դարպաս դեպի Կենտրոնական Ասիա, Ռուսաստան և Եվրոպա։ Սա հնարավորություն է տալիս մուտք գործել Իրան և շարունակել ցամաքային երթուղիներով կապը դեպի ավելի հեռու տարածաշրջաններ՝ շրջանցելով Պակիստանը: Նյու Դելին նավահանգիստը դիտարկում է որպես հարավային խարիսխ, որը կարող է գումարվել Հարավային Ասիան եվրասիական շուկաների հետ կապող մայրցամաքային տրանսպորտային միջանցքներին։
Այդպիսի նախաձեռնություններից մեկը Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքն է (International North–South Transport Corridor Opens, INSTC), որը ծովային, երկաթուղային և ճանապարհային երթուղիների բազմամոդալ ցանց է։ Այն կապում է Հնդկաստանը Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ։
Ջայսվալի խոսքով՝ INSTC-ն նախատեսված է հավաքական շահերի ծառայելու համար: «Սա միջազգային նախագիծ է, ուստի յուրաքանչյուր երկիր պետք է մասնակցի, քանի որ այն բոլորի բարօրության համար է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը, ինչպես և մյուս երկրները, կարող են նպաստել կապի նախաձեռնություններին։
Հնդկաստանը Հայաստանի հետ կապի հարցերով ներգրավված է նաև այլ դիվանագիտական ձևաչափերով: Սեպտեմբերին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը Թեհրանում անցկացրին իրենց երրորդ եռակողմ խորհրդակցությունը, որտեղ երեք կողմերը քննարկեցին նախորդ հանդիպումներից ի վեր արձանագրված առաջընթացը և համաձայնեցին ընդլայնել համագործակցությունը, մասնավորապես կապի ոլորտում: Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ քննարկումները ներառել են Հյուսիս-հարավը, Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և ավելի լայն տնտեսական և առևտրային համագործակցությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում