Եվրոպական խորհրդարանը դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը՝ կոչ անելով ազատ արձակել Բահրուզ Սամադովին ու Իգբալ Աբիլովին

Եվրոպական խորհրդարանը դեկտեմբերի 18-ին ընդունել է նոր բանաձև՝ դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև հետազոտողներ Բահրուզ Սամադովի ու Իգբալ Աբիլովի ազատազրկմանը։

Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Չարլզի համալսարանի դոկտորանտ Բահրուզ Սամադովին և թալիշ ազգային փոքրամասնությունների հետազոտող և «Talysh National Academy News»-ի գլխավոր խմբագիր Իգբալ Աբիլովին։

Նրանք նաև դատապարտել են երկու այլ գիտնականների՝ Գուբադ Իբադօղլուի և Ֆազիլ Գասիմովի անարդար դատավճիռները, ինչպես նաև ընդդիմադիր գործիչ Ալի Քարիմլիի ձերբակալությունը 2025-ի դեկտեմբերի 1-ին։

Բանաձևում ընդգծվում է, որ քաղբանտարկյալների թիվը աճել է՝ հասնելով գրեթե 400-ի, և նշվում է, որ «նրանց թվում են քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, ընդդիմադիր առաջնորդներ, լրագրողներ, ակադեմիկոսներ և մարդու իրավունքների պաշտպաններ»։

Այն ընդունվել է 477 կողմ, 7 դեմ և 69 ձեռնպահ ձայներով։

Հիշեցնենք, որ ադրբեջանցի ակտիվիստ Բահրուզ Սամադովը, որը հայտնի է իր հակապատերազմական, խաղաղասիրական ընդգծված դիրքորոշմամբ, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ հայերի օգտին լրտեսության մեղադրանքով։ Նույն մեղադրանքը ներկայացվել է նաև թալիշ հետազոտող Իգբալ Աբիլովին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն