Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը | armenpress.am

armenpress.am Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցելու դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի գրասենյակին։

Նշվում է, որ պատճառն Ալիևի աշխատանքային խիտ գրաֆիկն է։

«Որպես անդամ պետություն՝ Ադրբեջանի Հանրապետությունը պարբերաբար մասնակցում է ԱՊՀ պաշտոնական գագաթնաժողովներին և մեծ նշանակություն է տալիս ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը, այդ թվում՝ անդամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,-նշել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփումներ կունենա անդամ բոլոր երկրների ղեկավարների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային երկօրյա այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ դեկտեմբերի 21-ին մասնակցել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպմանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն