Վարույթն ընդհատված կետից շարունակելու հնարավորություն, ողջամիտ ժամկետի սահմանում․ ինչ փոփոխություններ են առաջարկվում Քրդատում

Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է մի շարք փոփոխություններ կատարել Քրեական դատավարության գործող օրենսգրքում։ Դրանք ինչպես ընթացակարգային, զուտ տեխնիկական փոփոխություններ են, այնպես էլ բովանդակային, դատավարության ընդհանուր կարգը սահմանող փոփոխություններ, որ առնչվում են դատավորի փոխարինումից հետո գործի քննությունը շարունակել-չշարունակելուն, ողջամիտ ժամկետներին եւ այլն։

«Ինֆոքոմը» ներկայացնում է գործող կարգավորումները, առաջարկվող փոփոխություններից մի քանիսը եւ դրանց վերաբերյալ մասնագետների կարծիքները։

Առաջարկվում է դատավորի փոխարինումից հետո գործի քննությունը շարունակելու հնարավորություն նախատեսել

Քրեական դատավարության գործող օրենսգիրքը սահմանում է, որ դատավորի փոխարինումից հետո դատական վարույթը սկսվում է նորից (բացառությամբ այն դեպքերի, երբ կա նշանակված պահեստային դատավոր), որպեսզի նոր դատավորը անմիջականորեն հետազոտի բոլոր ապացույցներն ու նյութերը։ Սա նշանակում է, որ հետազոտված բոլոր ապացույցները, վկաների ցուցմունքները, նշանակված փորձաքննությունները զրոյանում են՝ ամեն ինչ նորից սկսելու համար։ Չնայած այս կարգավորմանը՝ գործնականում պատահում են նաեւ դեպքեր, երբ դատավորները, առաջնորդվելով արդարադատության շահով, քննությունը չեն զրոյացնում։

Այժմ Արդարարդատության նախարարությունը փորձում է կանոնակարգել այս իրավիճակը՝ առաջարկելով սահմանել, որ եթե վարույթը ստանձնած նոր դատավորը, ծանոթանալով գործի նյութերին, այդ թվում՝ դատական նախորդ կազմով հետազոտված ապացույցներին, գտնում է, որ գործի դատական վարույթը սկզբից սկսելու անհրաժեշտությունը բացակայում է, ապա ինքնաբացակի, բացարկի եւ վարույթին մասնակցելուց ազատելու հարցը լուծելուց հետո, լսելով կողմերին, կարող է որոշում կայացնել վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ։ Այդ դեպքում նախորդիվ հետազոտված ապացույցները համարվում են հետազոտված՝ բացառությամբ այն ապացույցների, որոնք կրկին հետազոտելը դատարանը սեփական նախաձեռնությամբ համարում է անհրաժեշտ։ Միաժամանակ ապացույց հետազոտելու վերաբերյալ կողմի միջնորդությունը քննելը դատարանի համար պարտադիր է լինելու, քանի որ դատավարության կողմը եւ հատկապես պաշտպանության կողմը չի կարող ապացույցների հետազոտման հարցում որեւէ սահմանափակման հանդիպել, ինչը բխում է արդար դատաքննության վերաբերյալ Եվրոպական դատարանի ձեւավորած իրավունքից։

Իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Զորայր Հարությունյանը «Ինֆոքոմի» հետ զրույցում այս առաջարկը խնդրահարույց է որակում քրեական դատավարության սկզբունքների տեսանկյունից, նշում՝ անմիջականության սկզբունքն անհրաժեշտ է առաջին հերթին դատարանի ներքին համոզմունքի ձեւավորման համար, որպեսզի դատարանը ինքն իր համար հասկանա՝ թույլատրելի ապացույցների հիման վրա ի վերջո ինչ որոշման է հանգում․

Դիցուք՝ վկայի հարցաքննություն է։ Անմիջականորեն հարցաքննելու պարագայում նույն ցուցմունքի հանդեպ դատարանի դիրքորոշումը կարող է էապես տարբերվել։ Գործը քննած նախորդ դատավորը կարող էր այդ անձի ցուցմունքի արժանահավատության վերաբերյալ կասկած ունենալ, նոր դատավորը, ցուցմունքը միայն կարդալով, բնականաբար, այդ կասկածը էլ չի ունենա։ Գրեթե միշտ գրված խոսքը մի բան է, բայց երբ դա բանավոր վերարտադրվում է, բոլորովին այլ բան է դառնում։ Միմիկան, շարժուձեւը, հայացքները, պահվածքը, հազար ու մի բան կա, առանց որոնց ապացույցի գնահատումը շատ դժվար է։ Իհարկե, էլի կարելի է գնահատել, բայց ասել, որ այդ գնահատականը արդար էր ու բխում էր վարույթում առկա ապացույցներից, ինձ համար միանշանակ սուտ է լինելու։

Զորայր Հարությունյանը համաձայն է, որ դատավորի փոխարինումից հետո գործի քննությունը զրոյից սկսելը հանգեցնում է արդարադատության ուշացման, ինչն էլ, իհարկե, չի բխում ո’չ դատական իշխանության շահերից, ո’չ ընդհանրապես հասարակության շահերից` նկատի ունենալով, որ արդարադատության հանդեպ հավատը այդպիսով ոչնչացվում է։ Բայց միեւնույն ժամանակ կարծում է՝ սա չէ այն ճիշտ լուծումը, որ պետք էր այս իրավիճակում․

Այստեղ խոսքը ոչ թե ռիսկը բացառելու, այլ նվազեցնելու մասին է, ուստի կարելի էր նախաձեռնել ավելի արդյունավետ միջոցներ, որպեսզի քննությունը արագ իրականացվի ու ի վերջո ավարտվի, միեւնույն ժամանակ այդ արագությունը չիրականացվի քննության որակի հաշվին։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք, որ արագ լինի, չի նշանակում, որ դա պետք է արագ լինի ամեն գնով, չէ՞։ Կարելի էր, օրինակ, որոշակի խումբ զգայուն գործերով սահմանել, որ եթե դատարանը մտնում է ապացույցների հետազոտման փուլ, այդ պարագայում տվյալ դատավորի տեղափոխումը այլ դատարան չի թույլատրվում մինչեւ քրեական վարույթի ավարտը։ Բնականաբար, կան [դատավորի փոփոխության] այլ՝ օբյեկտիվ պատճառներ եւս, բայց օրինակ, Շիրակի մարզի դատարանում, եթե ճիշտ գիտեմ, վարույթներ կան, այդ թվում՝ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ, որոնք դատավորները 1-2 տարի են քննում ու տեղափոխվում են։ Այսինքն` տեղափոխման հարցը, իմ կարծիքով, ավելի արդիական է ու խնդրահարույց։

Փաստաբան Արմինե Ֆանյանը, թեեւ համաձայն է, որ նոր դատավորի կողմից ապացույցն անմիջականորեն ընկալելը ռիսկի տակ է դրվելու, սակայն նշում է՝ երկարատեւ ու բարդ գործերով սա գոնե որոշակի լուծում է՝ հաշվի առնելով, որ մեր պետությունը ավելի շատ գնում է էկոնոմ, այսպես ասած, բյուջետային արդարադատության ճանապարհով, այսինքն՝ դատավորների քանակն ավելացնելու փոխարեն հետզհետե կառուցակարգեր է մտածում առանց ավելացնելու խնդիրներ լուծելու համար։  Որպես դասական օրինակ՝ Ֆանյանը հենց Շիրակի մարզի սպանության գործ է հիշատակում, որի քննությունը տասը տարի անց սկսվեց զրոյից

Իհարկե, յուրաքանչյուր դատավոր իր ներքին համոզմունքը ձեւավորելու համար ապացույցն անձամբ պետք է անմիջականորեն ընկալի, եւ իրականում ռիսկ կա, որ արդարադատությունը, արդարացի եւ ճիշտ որոշում կայացնելը կարող են տուժել, որովհետեւ մնում է՝ ապավինենք դատավորին, որ նա կնստի, բոլոր ձայնագրությունները կլսի։ Բայց ասեմ, որ կողմերի դիրքորոշման հիման վրա կարծիք ձեւավորելով որոշում կայացնելու առումով որոշակի երաշխիք է առաջարկվում, այսինքն՝ պատասխանատվության բեռը պետությունը դնում է կողմերի վրա, ասում է՝ դուք գնահատեք, եթե դուք կգտնեք, որ ռիսկեր չկան, որ արդարադատության շահը այդ պահին այնպիսին է, որ պետք է շարունակել գործի քննությունը, ոչ թե սկսել զրոյից, դուք միջնորդեք, թող դատարանը քննարկի։ Ես կարծում եմ, որ որեւէ կողմի առարկության պայմաններում դատարանը նման որոշում չի կայացնի։

Առաջարկվում է վերացնել պահեստային դատավորի ինստիտուտը

Նախորդ առաջարկի տրամաբանական շարունակությունն էլ պահեստային դատավորի ինստիտուտի վերացումն է։ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Քրեական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածը։

2021 թ․-ին նոր օրենսգիրք ընդունելիս ՀՀ-ն ներդրեց նաեւ մի նոր՝ պահեստային դատավորի ինստիտուտ։ Այն սահմանում է, որ եթե դատարանում մեղադրանքի քննությունը, դրա բնույթից եւ ծավալից կախված, բացառիկ երկար ժամանակ է պահանջում, ապա դատարանի որոշման հիման վրա տվյալ դատարանի նախագահը մինչեւ նախնական դատալսումները սկսվելը այդ դատարանի դատավորների կազմից նշանակում է պահեստային դատավոր, որը պարտավոր է դատաքննության ընթացքում ներկա լինել դատական նիստերի դահլիճում: Դրա նպատակն այն է, որ գործը քննող դատավորի մասնակցությունը բացառող հիմքերի դեպքում պահեստային դատավորը փոխարինի նրան` վարույթը շարունակելով ընդհատված տեղից, այլ ոչ թե վերսկսելով այն։

Զորայր Հարությունյանի համար անհասկանալի է՝ եթե պետությունը արդեն իսկ որոշել է մի ճանապարհով գնալ եւ ներդրել է համապատասխան քրեադատավորական ինստիտուտը, ինչու է հիմա փորձում հետ կանգնել դրանից ու տեսական մի նոր բան առաջ բերել։ Ըստ նրա՝ Հայաստանում սա շատ տեսական հարց է, բայց այլ երկրների փորձից ելնելով՝ պահեստային դատավորի ինստիտուտը դրական գործիքակազմ է, այն կոչված է հենց անմիջական սկզբունքի պահպանմանը եւ դատավորի փոփոխության հենց հիշյալ օբյեկտիվ պատճառների պարագայում․

Մենք, իհարկե, այս ինստիտուտի կայացման կազմակերպական խնդիր ունենք, հոդվածն այս պահին փաստացի չի կիրառվում, իմ կարծիքով, ոչ թե իրավական պատճառով, այլ որովհետեւ դրա կազմակերպական հնարավորությունը չկա։ Բայց կար պոտենցիալ այն զարգացնելու, եւ գուցե մեկ-երկու-երեք տարի հետո այդ հնարավորությունը լիներ։ Հնարավոր է, ասենք, դատավորների թվի ավելացմամբ պայմանավորված՝ պահեստային դատավոր ներգրավելը ավելի հեշտ է դառնում։ Ի՞նչ է, երեք տարի հետո էլ մի հատ էլ օրենսդրական փոփոխություն են անելու նույն բանը հետ բերելու համա՞ր։ Իմ կարծիքով՝ այն կարող էր գոյություն ունենալ օրենսգրքում՝ հույսով, որ մի օր մեր կազմակերպական, ռեսուրսային իրադրությունը թույլ կտա, որպեսզի այն նաեւ սկսի աշխատել։

Արմինե Ֆանյանը, սակայն, կարծում է՝ որեւէ օրենք ընդունելուց առաջ պետությունը պետք է հաշվի առնի այն իրագործելու իր կարողությունները։ Տվյալ դեպքում պահեստային դատավորի ինստիտուտը, ըստ նրա, ի սկզբանե էր դատապարտված անհաջողության․

Պահեստային դատավորի ինստիտուտի գաղափարը շատ լավն էր, եւ այն իրականում դատավարությունը ընդհատված տեղից շարունակելու այլընտրանք կարող էր լինել, բայց արդարադատության շատ թանկ տեսակ է, երբ մի դատավորի պետք է բերես, նստացնես մի այլ դատավորի վարույթի, որ ինքը ունկնդրի կարգավիճակով հետեւի ապացույցների հետազոտման գործընթացին։ Մեր արդարադատության պայմաններում սա ի սկզբանե անիրատեսական էր, որովհետեւ ոչ մի դատավոր չի կարող իր գործերը թողնել, նստել, այլ դատավորի վարույթ լսել եւ ապացույցներն անմիջականորեն ընկալել, պետությունը այդ ռեսուրսը չուներ, ուստի այս վախճանը կանխատեսելի էր։

Առաջարկվում է սահմանել գործերի քննության ողջամիտ ժամկետներ

Նույն նախագծով Նախարարությունն առաջարկում է նաեւ սահմանել գործերի քննության ողջամիտ ժամկետներ։ Վերջինս արդար դատաքննության մաս է, իսկ այն կոնվենցիոնալ իրավունք է։ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան սահմանում է, որ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք:

Ողջամիտ ժամկետ, որպես այդպիսին, սահմանված չէ, դա մշտապես գնահատվել է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ կոնկրետ գործի ծավալից, բարդությունից եւ այլ հանգամանքներից ելնելով։

Այժմ առաջարկվում է սահմանել, որ առաջին ատյանի դատարանում գործերի քննության ողջամիտ ժամկետը 1 տարին է, որը, դատարանը, հաշվի առնելով գործի իրավական բարդությունը, վարութային անհրաժեշտ գործողություններ կատարելու ծավալը եւ այլ հանգամանքներ, կարող է պատճառաբանված որոշմամբ 3 անգամ երկարաձգել՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը 1 տարի ժամկետով։

Զորայր Հարությունյանն այս առաջարկը եւս բացասական է համարում, բացատրում է՝ քրեական գործերը մաթեմատիկական հաշվարկման ենթակա երեւույթներ չեն։ Նրա խոսքով՝ քննության տեւողությունը միայն դատարանից, դատավորից կախված երևույթ չէ, կան քրեական վարույթներ, որտեղ տասնյակից ավելի մասնակիցներ են ներգրավված, հնարավոր է՝ կողմերից մեկը շահագրգռված չլինի գործի արագ քննությամբ եւ միտումնավոր այն ձգձգի, հնարավոր է՝ պարբերաբար դատախազ փոխվի, հնարավոր է, որ վկաների մեծ մասը գտնվի ՀՀ-ից դուրս եւ նրանց հարցաքննելու խոչընդոտներ ի հայտ գան, հնարավոր է՝ նշանակվի փորձաքննություն, եւ գործի քննությունը առնվազն 6 ամսով հետաձգվի, որովհետեւ փորձագիտական հիմնարկներն էլ են ծանրաբեռնված․․․ Այս գործոնները, ըստ նրա, այնքան շատ ու բազմազան են, որ անկանխատեսելի են դարձնում գործի քննության ժամկետի վերաբերյալ որեւէ դատողության հնարավորությունը։ Եվ անկախ ամեն ինչից, ըստ Հարությունյանի, դատավորն է քննության արագության, տեմպի եւ մնացածի վերաբերյալ առաջնահերթությունը սահմանող միակ պաշտոնատար անձը։ Իսկ նրան ժամանակային սահմանափակում տալը դարձյալ կարող է որակական առումով բացասական հետեւանքներ ունենալ․

Կարող ենք փորձել հակառակ կողմից գալ․ եթե այդ ժամկետը չպահպանվի, ի՞նչ է լինելու, դատավորին տանելու ենք կարգապահական պատասխանատվությա՞ն, եւ ի՞նչ է փոխվելու դրանից։ Մենք պետք է ոչ թե անծանցյալ խնդիրը լուծենք, այսինքն` ասենք` այ, ժամանակի մեջ չենք տեղավորվում, ուրեմն՝ պետք է ժամանակ սահմանել, այլ պետք է հասկանանք, թե ինչի չենք տեղավորվում ժամանակի մեջ։ Աղբյուրը ո՞րն է այդ խնդրի, սկզբնաղբյուրի հետ է պետք աշխատել, որովհետև հակառակ պարագայում մենք ռետրոակտիվ իրավիճակ ենք ունենալու, երբ ուղղակի ինչ֊որ ժամկետներ ենք սահմանելու, հետո խնդիրներ ենք ունենալու, երբ դատավորները կամ արհեստականորեն փորձելու են մի տարվա մեջ արագ ավարտել գործերը կամ չեն տեղավորվելու, երկարաձգելու են, ու արդեն հարց է ծագելու՝ ինչքանով են այդ որոշումները պատճառաբանված։

Փոխարենը Հարությունյանն կարծում է, որ Դատական դեպարտամենտը կարող է հեշտությամբ հավաքագրել վիճակագրություն, թե հատկապես որ գործոններն են ազդում քննության ձգձգման վրա, եւ առանձին ուղղություններով համապատասխան գործիքակազմ նախատեսվի․ 

Կարծում եմ` վարույթի հանրային մասնակիցների մասով պետք է զսպող մեխանիզմներ լինեն, որպեսզի նվազեցվի կադրային շրջապտույտը։ Ես գործ եմ ունեցել, որում մոտավորապես 7-8 դատական նիստ իրար հետեւից չի կայացել այն պատճառով, որ մի դատախազը ազատվեց, մյուսը նշանակվեց, բայց չեկավ, հետո գալիս էին, ասում էին` նյութերին ծանոթ չենք եւ այլն, եւ այլն․․․ Միաժամանակ պետությունը` ի դեմս դատարանների կամ հանրային մարմինների, պետք է ավելի շատ արձագանքող լինի մասնավոր մասնակցի հնարավոր անբարեխիղճ վարքագծին։ Օրինակի՝ եթե դատավարության որեւէ մասնակից հետեւողականորեն չի ներկայանում դատական նիստին, դատարանները ոչ թե պետք է խուսափեն սանկցիայի կիրառումից, այլ պետք է վստահ գնան սանկցիայի կիրառման, ընդհուպ մինչեւ վարույթին մասնակցելուց հեռացնելուց․․․ Պետք է հիշել նաեւ, որ վարույթները ծնվում են քննչական մարմիններում, մինչդատական վարույթն էլ պետք է փորձեն ավելի արդյունավետ իրականացնել, մինչդեռ այդ փուլում քննության ժամանակային առումով արդյունավետության վրա որեւէ մեկը ուշադրություն չի դարձնում։

Արմինե Ֆանյանի կանխատեսումները այս հոդվածի առնչությամբ եւս դրական չեն, ողջամիտ ժամկետ սահմանելը նա խնդրահարույց է համարում դատավորների ծանրաբեռնվածության պայմաններում․

Մեր դատավորների ծանրաբեռնվածությունը այսօր այնպիսին է, որ ողջամիտ ժամկետի պահպանումը լինելու է բավականին լուրջ խնդիր, եւ մոտավորապես նմանվելու է քրեական հետապնդման ժամկետներին․ երբ քրեական հետապնդման ժամկետների մեջ չեն տեղավորվում, դատախազը մի չպատճառաբանված, ֆորմալ որոշմամբ այդ ժամկետը ուղղակի երկարացնում է։ Նույն կերպ երկարացնելու են դատավորները, ինչպես այսօր երկարացնում են դատական ակտի կայացման ժամկետը՝ այն պարագայում, երբ օրենքով հստակ ժամկետներ են սահմանված․․․ Այսինքն՝ երբ ծանրաբեռնվածությունն արդեն կոլապսային աստիճանի է հասել, երբ քրեական վարույթներով նիստերը երկու ամիսը մեկ են սկսել նշանակել, այս գործիքները չեն աշխատելու, ուղղակի իրատեսական չէ, որ մեկ տարում դատարանը վարույթ ավարտի։

Նախագծի հանրային քննարկման ժամկետն օրերս ավարտվել է։ Ենթադրվում է, որ առաջիկայում այն պետք է ուղարկվի պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության, որից հետո ներառվի Ազգային ժողովի լիագումար նիստի օրակարգում։