ՀԵՏԱԽՈՒԶՎՈՂ ԵՎ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՆՁՆՈՒՄՆԵՐ․ ԻՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

29-ամյա Լիլյա Մանյուխինան, որ հետախուզման մեջ է Ռուսաստանի Դաշնության կողմից, ամիսներ առաջ Հայաստանում հայտնաբերվել եւ ձերբակալվել էր։ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր Մանյուխինային կալանավորել մինչ նրան ՌԴ-ին հանձնելու հարցի լուծումը։ Միաժամանակ ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն էր քննարկում նրա՝ ապաստանի հայցման դիմումը։

Շուրջ 65 օր անց ՌԴ քաղաքացին ազատ է արձակվել։ Նրա պաշտպան Ռոման Երիցյանը մեր զրույցում մանրամասնեց՝ ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է Մանյուխինային ՌԴ իրավապահներին հանձնելու խնդրանքը՝ չվերադարձելիության սկզբունքի հիման վրա։ Դրա էությունն այն է, որ անձը չի վերադարձվում այն տարածքի սահմաններ, որտեղ նրա կյանքին եւ առողջությանը կարող է վտանգ սպառնալ, այդ թվում եւ` քաղաքական հիմքով։ Նշենք՝ Մանյուխինայի քրեական հետապնդումը սկսվել է ՌԴ-ում նրա հակապատերազմական ակցիաներին մասնակցելուց հետո։

Լիլյա Մանյուխինան միակը չէ․ ներկայումս ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկման փուլում է եւս 19 հետախուզվողի՝ ՌԴ-ին հանձնելու խնդրանք (ԱՆ-ի ստացված այս եւ հաջորդիվ ներկայացվող տվյալները 01․10․2025 թ․-ի դրությամբ են)։ Ինչպե՞ս են կարգավորվում քրեական վարույթներով իրավական փոխօգնության հարցերը, ինչի՞ հիման վրա են պետությունները մերժում կամ բավարարում միմյանց խնդրանքները, եւ ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում ՀՀ օրենսդրության մեջ։ «Ինֆոքոմը» փորձել է տալ այս եւ այլ հարցերի պատասխաններ։

Նյութում կարդացեք՝

  • Միազգային եւ ներպետական կարգավորումներ․ ինչ է հաջորդում հետախուզվող անձի հայտնաբերմանը,
  • Ինչ է պատմում հայաստանյան պաշտոնական վիճակագրությունը,
  • Ինչ կարծիք ունեն օրենսդրության առնչությամբ մասնագետները,
  • Ինչ չափորոշիչներ է սահմանել Ինտերպոլը քաղաքական հանցագործությունների առնչությամբ։

 

Միջազգային կարգավորումները

Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետության տարածքում հանցագործություն կատարած, դատապարտված կամ դեռեւս հետախուզման մեջ գտնվող անձանց հանձնման հարցերը կարգավորվում են միջազգային կոնվենցիաներով, երկկողմ պայմանագրերով եւ ներպետական օրենքներով։

Միջազգային կոնվենցիաները, որոնց միացել է Հայաստանը, հետեւյալն են․ 1957 թ․-ին ընդունված «Հանձնման մասին» եվրոպական կոնվենցիան, 1993 թ․-ին ընդունված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» Մինսկի կոնվենցիան եւ 2002 թ․-ին ընդունված «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» Քիշնեւի կոնվենցիան: Դատապարտյալների փոխանցման ընդհանուր սկզբունքներ եւ ընթացակարգեր սահմանված են նաեւ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983 թ․  եվրոպական եւ «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» 1998 թ․ Մոսկվայի կոնվենցիաններով։

Ընդհանուր առմամբ, դրանք սահմանում են, որ հետախուզվող անձի հանձնումը կատարվում է այնպիսի արարքների դեպքում, որոնց համար կողմերի օրենքներով նախատեսված է 1 տարուց ոչ պակաս ժամկետով ազատազրկում, իսկ դատավճիռն ի կատար ածելու համար անձի հանձնումը կատարվում է, երբ վերջինս դատապարտվել է 6 ամսից ոչ պակաս ժամկետով ազատազրկմա

Բացի այս, Հայաստանը երկկողմ պայմանագրերով համագործակցություն է իրականացնում մի շարք պետությունների հետ, ինչպիսիք են Ռուսաստանը, Բուլղարիան, Հունաստանը, Լատվիան, Եգիպտոսը, Իրանը, Սիրիան, Վրաստանը, Չինաստանը, Ռումինիան, Քուվեյթը, Ուկրաինան, Արաբական Միացյալ Էմիրությունները։

Ներպետական օրենսդրությունը

Ուշագրավ է, որ ներպետական մակարդակում ոլորտը կարգավորող օրենքն ընդունվել է ընդամենը մեկ տարի առաջ՝ 2024 թ․-ի նոյեմբերին։ Մինչ այդ պատկան մարմիններն առաջնորդվել են վերոնշյալ միջազգային պայմանագրերով, որոշ դեպքերում՝ Քրեական դատավարության օրենսգրքով, Արդարադատության նախարարի հրամաններով։

Օրենքի նախագիծը հեղինակելիս Արդարադատության նախարարությունն ընդգծել է, որ թեեւ ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգրքում համապատասխան գլուխներ կան, այդուհանդերձ, դրանցում նշված կարգավորումները հաճախ թերի են, իրարամերժ, գործնականում կիրառելիս առաջացրել եւ առաջացնում են բազմաթիվ խնդիրներ, իսկ առանձին դեպքերում ընդհանրապես կարգավորումներ չեն նախատեսում։

Ըստ այդմ, գործող «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքից հետեւում է, որ երբ ՀՀ տարածքից դուրս առերեւույթ հանցանք կատարած հետախուզվող անձը, որի նկատմամբ այլ պետությունում որպես խափանման միջոց ընտրված է կալանքը,  հայտնաբերվում է ՀՀ-ում, իրավապահները նրան պետք է անմիջապես ձերբակալեն, ինչը եւ տեղի է ունեցել Լիլյա Մանյուխինայի դեպքում։ Ձերբակալվածի կարգավիճակում անձը կարող է պահվել 72 ժամ․ եթե այդ ընթացքում դատարանը չի կայացնում նրան կալանավորելու որոշում, ապա նա ենթակա է անհապաղ ազատ արձակման: Մանյուխինան, ինչպես նշեցինք, դատարանի որոշմամբ կալանավորվել էր։

Այժմ օրենքով սահմանվել են կալանավորման հետեւյալ երեք տեսակները՝

Կիրառվում է դատարանի որոշմամբ մինչեւ 40 օր ժամկետով։ Նպատակն է հանձնելու վերաբերյալ հարցումը ստանալը եւ հանձնումը առերեւույթ բացառող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզելը։

Կիրառվում է դատարանի որոշմամբ 2 ամիս ժամկետով, որը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր անգամ եւս 2 ամսով։ Սակայն Հանձնման նպատակով կալանավորման ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 10 ամիսը։ Նպատակն է արգելանքի տակ պահել այն անձին, որին հանձնելու վերաբերյալ խնդրանքն արդեն իսկ ստացվել է, սակայն հավանական հանձնող երկիրը այն բավարարելու կամ մերժելու վերաբերյալ որոշում դեռեւս չունի։

Կիրառվում է դատարանի որոշմամբ առավելագույնը 1 ամիս ժամկետով։ Արգելանքի տակ պահելու ընդհանուր ժամկետը չի կարող գերազանցել 11 ամիս 10 օրը։ Նպատակն է անձին փաստացի հանձնելը,  երբ առկա է հանձնումը թույլատրելու մասին օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա որոշում, սակայն ինչ-ինչ պատճառներով նախորդիվ նշված առավելագույն ժամկետում հանձնումը չի իրականացվել։

Մանյուխինայի պաշտպան Ռոման Երիցյանը մեր զրույցում նկատում է՝ ՀՀ օրենքը դատարաններին տալիս է շատ սահմանափակ հնարավորություն խափանման միջոց կիրառելու հարցում․ «Օրինակ՝ Ռուսաստանում դատարանները իրավունք ունեն կիրառել նաեւ տնային կալանք։ Իմ պաշտպանյալներից մեկի նկատմամբ ՌԴ-ն ի սկզբանե կիրառել է տնային կալանքը, վերջում էլ հանձնումը մերժել է, եւ այդ անձը ամբողջ վարույթի ընթացքում գտնվել է տնային կալանքի տակ։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի հետախուզվողների նկատմամբ հնարավորություն ունի կիրառել միայն կալանք, իսկ հակառակ պարագայում` նաեւ տնային կալանք։ Ընդ որում, սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին, այլ նաեւ մի շարք այլ, այդ թվում` եվրոպական երկրների։ Իմ կարծիքով՝  բացառապես կալանք կիրառելը ճիշտ չէ եւ անձի ազատության իրավունքի շատ կոպիտ խախտում է»,- ասում է փաստաբանը։

 

«Ինֆոքոմը» ՀՀ արդարադատության նախարարությունից հետաքրքրվել էր՝ 2020-2025 թթ ընթացքում քանի՞ հետախուզվողի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել ՀՀ դատարաններ, եւ դրանցից քանի՞սն է բավարարվել, քանի՞սը՝ մերժվել։ Նախարարությունից, սակայն, նշել են՝ ՀՀ իրավասու դատարանի կողմից ժամանակավոր կալանավորում եւ հանձնման նպատակով կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունների քանակական վիճակագրություն չեն վարում, ուստի հստակ տեղեկություն տրամադրել հնարավոր չէ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից եւ Բարձրագույն դատական խորհրդից եւս մեզ տեղեկացրել են, որ նման հաշվառում չի իրականացվում։



Ըստ Դատախազության՝ վերջին 5 տարում ՀՀ-ն հանձնման ավելի շատ միջնորդություններ բավարարել է, քան մերժել

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչդատական փուլում գտնվող քրեական վարույթներով հանձնման դիմումներ ուղարկող, ստացող եւ որոշումներ կայացնող իրավասու մարմինը Գլխավոր դատախազությունն է, իսկ դատական վարույթներով՝ Արդարադատության նախարարությունը։ Այսինքն՝ եթե անձը իր պետությունում մեղադրվում է որեւէ հանցանքի կատարման մեջ, սակայն նրա վերաբերյալ գործը դեռ դատարան չի ուղարկվել, այլ քննչական մարմինների վարույթում է, հետախուզման եւ ՀՀ-ում հայտնաբերման դեպքում դրանով զբաղվում է Գլխավոր դատախազությունը, իսկ երբ մեղադրվում է, սակայն դատարանը կա՛մ ավարտել է գործի քննությունը եւ անձին դատապարտել ազատազրկման, կա՛մ դեռեւս քննում է, դրանով զբաղվում է Արդարադատության նախարարությունը։ Ուստի թեմայի վերաբերյալ գրավոր հարցումներ ենք ուղարկել թե՛ Դատախազությանը, թե՛ Արդարադատության նախարարությանը՝ խնդրելով տրամադրել վիճակագրական տվյալներ 2020-2025 թթ ժամանակահատվածում ուղարկված եւ ստացված հանձնման խնդրանքների, այդ անձանց մեղսագրվող հանցանքների, համագործակցող երկրների եւ այլնի մասին։ 

 

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից տվյալներ չեն տրամադրել՝ նշելով, որ հրապարակման ենթակա տեղեկությունները առկա են իրենց տարեկան հաղորդումներում։ Նշենք, սակայն, որ տարեկան հաղորդումներում ներկայացված միջնորդությունների քանակի վերաբերյալ տվյալներն ընդհանրական, հաճախ հատվածական են եւ ամբողջովին չեն պատասխանում մեր գրավոր հարցմամբ բարձրացված հարցերին։

Ըստ ԱՆ-ի՝ ՀՀ-ի ուղարկած հանձնման միջնորդությունները մերժվել են բացառապես ՌԴ-ի կողմից

ՀՀ արդարադատության նախարարությունը թեմայի վերաբերյալ տրամադրել է թեեւ ոչ ամբողջական, բայց առավել մանրամասն տվյալներ։ Ըստ այդմ, 2020-2025 թթ ժամանակահատվածում ՀՀ-ն հանձնել է 30 հետախուզվողի, որոնցից ամենաշատը՝ ՌԴ-ին․

«Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ-ից օտարերկրյա պետություններ հանձնված հետախուզվող անձանց կողմից կատարված արարքներից են դիտավորյալ առողջությանը վնաս պատճառելը, խոշոր/առանձնապես խոշոր չափերով կողոպուտը, խարդախությունը, սպանությունը, գույքային վնաս պատճառելը, հանցանքներ կատարելու նպատակով կազմակերպություն ստեղծելը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի արտադրությունը/իրացումը, պետական սահմանի ապօրինի հատումը, կազմակերպված հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գողությունը, գողությունը՝ քաղաքացուն զգալի վնաս պատճառելով/ բնակարան ապօրինի մուտք գործելով, այլ անձանց առողջությանը կամ կյանքի համար վտանգ առաջացնող եղանակով կատարված ծանրացնող հանգամանքներով սպանության փորձը, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը հանցակցությամբ, կավատությունը, սեռական ոտնձգությունը եւ այլն»։

Նույն ժամանակահատվածում ՀՀ-ին է հանձնվել 15 հետախուզվող․ առաջին տեղում դարձյալ ՌԴ-ն է․

«Հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա պետություններից ՀՀ հանձնված հետախուզվող անձանց կողմից կատարված արարքներից են հիմնականում դիտավորյալ առողջությանը վնաս պատճառելը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց անալոգների ապօրինի արտադրությունը, իրացումը, պետական սահմանի ապօրինի հատումը, կազմակերպված հանցավոր խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գողությունը, գողությունը՝ քաղաքացուն զգալի վնաս պատճառելով/բնակարան ապօրինի մուտք գործելով, սպանության փորձ, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը հանցակցությամբ եւ այլն»։



Ըստ հարցման պատասխանի՝ նշված ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարություն ստացված եւ Նախարարությունից օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ ուղարկված հանձնման միջնորդությունների քննության արդյունքում 520 հետախուզվող անձանց հանձնումներ չեն իրականացվել։ Թե դրանցից քանիսն է ՀՀ-ն մերժել, քանիսն են ՀՀ-ին մերժել, Նախարարությունից չեն հստակեցրել, նշել են՝ մերժված հանձնման գործերը ավարտվում են եւ դրանց վերաբերյալ վիճակագրություն այլեւս չի վարվում։

Այնուհանդերձ, մանրամասնել են՝ այդ միջնորդությունները մեծամասամբ ստացվել են Ռուսաստանից, Լեհաստանից, Իրանից, Թուրքիայից, Հունաստանից, Հորդանանից, Չեխիայից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ուկրաինայից, Իսպանիայից, Բելգիայից, Ֆրանսիայից, Սիրիայից, Վրաստանից, Գերմանիայից, Կատարից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Եգիպտոսից, ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից եւ այլն։

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարությունից օտարերկրյա պետություններ ուղարկված հանձնման միջնորդություններին, դրանք մերժվել են բացառապես Ռուսաստանի Դաշնություն կողմից. «Հիշյալ անձանց կողմից կատարված արարքները մեծամասամբ եղել են խարդախություն, սպանություն կամ սպանության փորձ, գողություն, համակարգչային ցանցի ներթափանցում, մաքսանենգություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, ճանապարհային երթևեկության կանոնների խախտում եւ այլն»,- ասված է պատասխանում:

Նշված հանձնումների չիրականացումը պայմանավորված է եղել հանձնումը մերժելու՝ օրենքով սահմանված հիմքերով, ժամկետների սպառմամբ, հետախուզումը դադարեցնելով, ապաստանի տրամադրմամբ եւ այլն։

6 տարում մերժվել է դատապարտված 227 ՀՀ քաղաքացու՝ ՀՀ տեղափոխելու դիմում

Անդրադառնալով դատապարտյալների մասին հարցերին՝ ԱՆ-ից նշել են՝ 2020-2025 թթ ժամանակահատվածում ՀՀ է տեղափոխվել այլ պետությունում մեղավոր ճանաչված եւ պատիժ կրող 28 դատապարտյալ, իսկ ՀՀ-ից այլ պետություն՝ 110։ 

Ինչ վերաբերում է դատապարտյալների վերաբերյալ մերժումներին, հաշվետու ժամանակահատվածում մերժվել է 227 դատապարտյալի՝ ՀՀ հանձնումը։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ն չի մերժել օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող որևէ դատապարտյալի՝ իր քաղաքացիության երկիր փոխանցման դիմում:

Փոխանցման դիմում ներկայացված դատապարտյալները հիմնականում դատապարտված են սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, պրեկուրսորների, խիստ ներգործող կամ թունավոր նյութերի օրինական շրջանառության դեմ ուղղված հանցագործությունների, մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործությունների, հափշտակություն եւ ավազակություն կատարման համար:

Մասնագետի գնահատմամբ՝ կարեւոր է ոչ միայն օրենսդրական հիմքը, այլեւ միջազգային իրավունքը ճիշտ ընկալելու կարողությունը

Միջազգային իրավունքի մասնագետ, «Համեմատական եւ միջազգային իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը մեր զրույցում դրական է գնահատում ոլորտը կարգավորող առանձին օրենքի նախատեսումը, միաժամանակ նշում՝ պետք է նկատի ունենալ, որ ոլորտն առնչվում է միազգային իրավունքին, ուստի կարեւոր է ոչ միայն ներպետական օրենսդրական հիմքը, այլ իրավակիրառի՝ միջազգային իրավունքը ճիշտ ընկալելու եւ կիրառումը պատշաճ ապահովելու կարողությունները։

Սահակյանը համաձայն է՝ իրավակիրառի համար օրենքի տեքստում հայեցողական լայն հնարավորություններ են թողնված, սակայն նշում է՝ դրանց ճիշտ կիրառումը եւս սերտորեն կապված է դատավորի, իրավասու մյուս մարմինների ներկայացուցիչների մասնագիտական որակների հետ․

Կարծում եմ՝ դատական հայեցողությունը արդարադատության կարեւոր տարր է, առանց որի արդարության հասնելը շատ բարդ կլինի։ Որակյալ դատավորը կարող է անգամ կարգավորվածության բացի պարագայում իրավունքի սկզբունքի կիրառմամբ հասնել արդարության։ Եվ իրականում, դատավորը հենց նման խնդիր պետք է լուծի․ դատավորները արվեստի, կատարելագործության, կատարելության հասնող գործունեություն են իրականացնում, արդարադատության իրականացումը երբեք չի կարող եւ չպետք է արհեստ լինի։ Սակայն հասկանալի է, որ եթե չկան պատշաճ դատավորին հարիր իրական որակներ, նաեւ շեմերն են իջեցվում, որպիսի պայմաններում դատական համակարգ ներթափանցելը չափազանց հեշտ է դառնում, մենք ունենում ենք վատ որակի դատավորներ, եւ օրենքում թողնված ցանկացած հայեցողություն արդեն ոչ թե արդարության է տանում, այլ կամայականության, եւ հայեցողությունը վերածվում է կոռուպցիոն ռիսկի

Որպես օրինակ Սահակյանը քննարկում է «քաղաքական հանցագործություն» տերմինը։ «Հանձնման մասին» վերոնշյալ եվրոպական կոնվենցիան է սահմանում, որ հանձնում չի կարող իրականացվել, եթե հանցագործությունը, որի համար անձը հայցվում է, ճանաչվում է որպես քաղաքական հանցագործություն կամ անձը հետապնդվում է իր քաղաքական կարծիքի համար։ Սակայն ոչ նույն կոնվենցիան, ոչ այլ իրավական ակտ չի տալիս այդ տերմինի սահմանումը, միայն թվում է որոշակի բացառություններ, որոնք չեն կարող դիտվել քաղաքական, ինչպես, օրինակ, մարդկության դեմ ուղղված հանցագործություններն են, ահաբեկչությունները եւ այլն։ Հարց է ծագում՝ նման գնահատողական տերմինի առկայությունը օրենքի տեքստում որքանո՞վ է նպատակահարմար, եւ պրակտիկայում որքանո՞վ է իրատեսական, որ ներպետական դատարանները կունենան այդ հիմքով անձանց հանձնումը մերժելու կամք․



Սա բարդ խնդիր է, եւ կարծում եմ` Հայաստանի իրավական մշակույթի եւ ներկա իրողությունների պայմաններում օրենսդիրը պետք է գնար հնարավոր բոլոր դեպքերը կարգավորելու ճանապարհով։ Նույնիսկ եթե անհնար է բոլորը սպառիչ թվարկելը, ապա գոնե մոդելային, տիպականացված դրսեւորումների մասին օրենսդրորեն պետք էր խոսել։ Հարկ է նշել, որ քաղաքական հանցագործությունների առնչությամբ մեծաթիվ ստանդարտներ ունի Ինտերպոլը, դիրքորոշումներ ունեն նաեւ այլ երկրների դատարաններ, ուստի ընդամենը միջազգային եւ օտարերկրյա փորձի ուսումնասիրության շնորհիվ հնարավոր է դուրս բերել այն չափորոշիչները, որոնց պայմաններում միշտ պետք է խոսել քաղաքական հանցագործության մասին։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ դատարանից ակնկալվում է ոչ թե ֆորմալիզմ, այլ փաստերի եւ ռիսկերի գնահատում

Հայաստանի ներսում քրեական հետապնդման ենթարկվող անձանց կալանավորելու միջնորդությունը քննելիս դատարանը նախեւառաջ պետք է գնահատի հիմնավոր կասկածի առկայությունը։ Դա, դատավորի, այսպես ասած, առերեւույթ տպավորությունն է՝ մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարած լինել-չլինելու կասկածի մասին։ Եթե այն չի հաստատվում, անձը չի կարող կալանավորվել։

 

Սակայն իրավական փոխօգնության համատեքստում կալանավորելիս այս հարցն առհասարակ չի քննարկվում։ «Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ կալանավորման միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկելու անձի մեղավորության հարցը կամ ստուգելու օտարերկրյա պետության մարմինների ընդունած եւ ներկայացրած դատավարական կամ այլ փաստաթղթերի օրինականությունը եւ հիմնավորվածությունը: Փոխարենն ուսումնասիրելով ներկայացված՝ օրենքով պահանջվող նյութերը՝ Դատարանը որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին: Միջնորդությունը մերժվում է միայն այն դեպքում, երբ ակներեւ է հանձնումը մերժելու՝ հիմքերից որեւէ մեկի առկայությունը, օրինակ՝ լրացել է վաղեմության ժամկետը, հարցումը վերաբերում է ՀՀ քաղաքացու հանձնմանը, լուրջ վտանգ կա, որ հանձնումը թույլատրելու դեպքում հայցվող անձին կարող են սպառնալ խոշտանգում կամ անմարդկային վերաբերմունք եւ այլն։

 

Մեր զրուցակից Սիրանուշ Սահակյանն այս կարգավորումը տրամաբանական է համարում, քանի որ հակառակ դեպքում կարող  է դատական յուրիսդիկցիայի (իրավասություն, ենթադասություն) խնդիր ծագել, սակայն միաժամանակ նշում է՝ սա ամենեւին չի նշանակում, որ դատարանները սոսկ ֆորմալ աշխատանք են կատարում։ Նրանք պետք է միջազգային պայմանագրերի հիման վրա հանձնման իրավական հիմքերը ստուգեն եւ գնահատեն հանձնումը բացառող հանգամանքները․ եթե կան այդպիսի հանգամանքներ, միջնորդությունը կմերժվի, եթե չկան, ապա կգործի պետությունների միջեւ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու կանխավարկածը, որը պետք է միտված լինի հանցավորության դեմ պայքարին։ 



Երբ դատարանը պետք է գնահատի՝ արդյո՞ք հանձնելու դեպքում անձին լուրջ վտանգ կսպառնա, նա պետք է ունակ լինի հասկանալ տվյալ պետությունում մարդու իրավունքների վիճակը, կոնկրետ անձի հանգամանքները, վտանգի լուրջ լինելը, եւ առհասարակ, սպասվելիք վերաբերմունքը կհաղթահարի՞ արդյոք նվազագույն մարդկային վերաբերմունքի շեմը։ Այսինքն՝ դատավորը հայտնվում է փաստերի եւ ռիսկերի գնահատման տիրույթում, որը բովանդակային գնահատում է, եւ եթե պատշաճ գնահատում չիրականացնի, այլ ֆորմալիզմով առաջնորդվի, ոչ միայն հանձնելու է հանձնման ոչ ենթակա անձի, այլեւ խախտելու է մարդու իրավունքների հանձնառությունները, որի պայմաններում առաջ է գալու ՀՀ միջազգային պատասխանատվության խնդիրը։

Այս համատեքստում Սահակյանը ցավով է նշում, որ մի քանի տարի առաջ ուսումնասիրություն են իրականացնել այն մասին, թե ներպետական դատարանները ինչպես են կիրառում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, եւ պատկերը դրական չի եղել․ «Վերցրել էինք շատ ավելի հասանելի, անընդմեջ քննարկվող միջազգային պայմանագիր, որի մասին կարծես թե բոլորը գիտեն, եւ որը ներթափանցել է մեր իրավական համակարգ, բայց անգամ այդ կոնվենցիայի կիրառության շրջանակներում մենք մեծ խնդիրներ դուրս բերեցինք եւ հասկացանք, որ միջազգային պայմանագրի կիրառությունը դատարանի կողմից ձեւախեղված է եւ բովանդակազուրկ։ Անգամ կոնվենցիայի մեկնաբանությունների կամ նախադեպերի կիրառության նվազագույն կանոնները պահպանված չեն»։ Այս պատճառաբանությամբ է, որ Սահակյանը կարեւորում է կարողությունների հարցը․ ըստ նրա՝ գիտելիքը, իմացությունը, պատասխանատվությունը կզսպեն դատավորին սպասարկել կանխորոշվող քաղաքական որոշմանը, իսկ եթե կարողությունները պակաս են, գայթակղությունը կլինի մեծ չցուցաբերել քաղաքական կամք։

Ըստ Սահակյանի՝ դատարանները պետք է ունենան հայեցողություն խափանման միջոցների ընտրության հարցում

Սիրանուշ Սահակյանը նույնպես խնդրահարույց է դիտարկում այն, որ հավանական հանձնվող անձի նկատմամբ կարող է ընտրվել միայն ամենախիստ խափանման միջոց կալանավորումը, նշում է՝ առնվազն տնային կալանքը եւս պետք է կիրառելի լիներ․

Մենք ունենք ընդհանուր կոնվենցիոնալ դրույթ, ըստ որի՝ անկախ նրանից, թե որ հիմքով է անձը ազատությունից զրկում, այդ միջոցը պետք է լինի ծայրահեղ միջոց։ Եթե նվազ միջամտող միջոցները կարող են անձի պատշաճ վարքագիծը ապահովել, պետք է դրանք կիրառվեն։ Իհարկե, հասկանում ենք, որ երբ անձը փախուստի է դիմել, կարող է չունենալ մշտական բնակության վայր, աշխատանք, եւ կարող են առաջ գալ ռիսկեր, բայց դրանք պետք է գնահատի դատարանը` հայեցողություն ունենալով կիրառել այլընտրանքային խափանման միջոց։

Այս հարցը կարեւորվում է հատկապես կալանավորման ժամկետների համատեքստում։ Ինչպես նշեցինք՝ Օրենքով սահմանված առավելագույն ժամկետը 11 ամիս 10 օրն է։ Սրան զուգահեռ հաճախ քննվում է նաեւ անձին ապաստան տալ-չտալու հարցը, որի օրենքով սահմանված ժամկետն էլ 3 ամիս է՝ եւս 3 ամսով երկարաձգման հնարավորությամբ։ Ստացվում է, որ հետախուզվող անձը կարող է այդ ողջ ընթացքում պահվել անազատության մեջ, մինչեւ իրավասու մարմինները որոշում կկայացնեն նրան հանձնել-չհանձնելու կամ ապաստան տալ-չտալու մասին։

Սահակյանն ընդգծում է՝ կան երկրներ, որոնք արգելում են անձի՝ նույնիսկ 4 ամսից ավելի կալանավորումը, անգամ եթե գործերի քննությունը երկարում է, որովհետեւ տեւական ժամանակ անձին ազատությունից զրկելը առանց հարցի վերջնական լուծման փոխակերպվում է պատժիչ գործելակերպի։

Մեր պարագայում ընտրված 10 ամիսը չափազանց երկար է, բայց եւ երբ հաշվի ենք առնում միջազգային համագործակցության ոլորտի ձգձգումները, այդ փաթեթներին ներկայացվող պահանջները, թարգմանչական հարցերը, կոմունիկացիայի վարման բյուրոկրատական լուծումները, դա արտացոլում է իրական պրակտիկան։ Այսինքն` կարծում եմ` այդ 10 ամիսը ոչ թե այն ժամկետն է, որի շրջանակում պետությունները պարտավոր են որոշում կայացնել, այլ եկել են հակառակ տրամաբանությունից` միջինում ինչքա՞ն ժամանակ է պահանջվում նման բյուրոկրատական ռեժիմով գործող պետությունների համար, որ հասնեն որոշման կայացման։ Իմ գնահատմամբ՝ պետք է սեղմ ժամկետ ամրագրվեր, եւ բարձրացվեր պետությունների ջանասիրությունը խնդիրը լուծելու առումով։ Իսկ եթե դա հնարավոր չէ, քննարկման առարկա պետք է դառնար այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հարցը։

Ինտերպոլի չափորոշիչները

Ինտերպոլը (Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն), որի մասին հիշատակեց Սահակյանը, միազգային կազմակերպությունն է, որի հիմնական նպատակն է միավորել ազգային իրավապահ մարմիններին մասնակից երկրներում հանցագործությունները հայտնաբերելու համընդհանուր պայքարում։

Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածն է սահմանում, որ Կազմակերպությանը խստիվ արգելվում է իրականացնել որեւէ միջամտություն կամ գործունեություն, որը ունի քաղաքական, ռազմական, կրոնական կամ ռասայական բնույթ։ Այս հոդվածի առնչությամբ որպես ուղղորդիչ չափորոշիչներ՝ Կանոնադրության մեկնաբանություններում առանձնացվում են հետեւյալ կետերը․

  • Հիմնական չափորոշիչ (Primary standart) – հանցագործության բնույթը, այն իրագործելու համատեքստը, անձի կարգավիճակը, դիմումի ներկայացման շարժառիթները․ սրանք այն հիմնական գործոններն են, որոնք դիտարկվում են՝ որոշելու համար՝ գործն ունի քաղաքական բնույթ թե ոչ։
  • Գերակշռման թեստ (Predominance test) –  Հոդված 3-ը կիրառվում է, երբ հանցագործության քաղաքական բնույթը գերակշռում է դրա սովորական քրեական բաղադրիչներին։
  • Նպատակի թեստ (Purpose test) – Եթե դիմումի նպատակը քաղաքական ընդդիմադիրներին ճնշելն է կամ քաղաքական ազատությունները սահմանափակելը, ապա այն դասվում է Հոդված 3-ի տակ՝ անկախ ներկայացված քրեական ձեւակերպումներից։
  • Համատեքստային թեստ (Context test) – Քաղաքական ցույցերի, ապստամբությունների կամ պետական մարմինների դեմ պայքարի ընթացքում կատարված արարքները պետք է գնահատվեն իրենց քաղաքական համատեքստում։
  • Ընտրողական հետապնդում (Selective prosecution test) – Երբ քրեական մեղադրանքները կիրառվում են ընտրողականորեն՝ ընդդիմադիր գործիչների նկատմամբ, գործն ավտոմատ համարվում է քաղաքական։
  • Անձի կարգավիճակը (Status of the person)- Հատուկ ուշադրության պետք է արժանանան այն դեպքերը, երբ հետապնդվող անձը ընդդիմության առաջնորդ է, ակտիվիստ, լրագրող կամ քաղաքական դիսիդենտ։
  • Պետք է գնահատվեն նաեւ տվյալների աղբյուրի հավաստիությունը, այլ կառույցների արտահայտած դիրքորոշումը, միջազգային իրավունքի ներքո գործող պարտավորությունները եւ այլն։

 

Այս ամենը նպատակ ունի ապահովել, որ Ինտերպոլը չդառնա քաղաքական ընդդիմադիրներին հետապնդելու կամ քաղաքական գործընթացներին միջամտելու գործիք։

Կանոնադրությունը եւ պաշտոնական մեկնաբանությունները ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։

Այսպիսով, քրեական վարույթներով իրավական փոխօգնության ոլորտում առանձին օրենքի նախատեսմամբ կարգավորվել են տասնամյակներ չլուծված մի շարք հարցեր։ Այնուհանդերձ, մասնագետների գնահատմամբ՝ դրանում տեղ գտած որոշ դրույթներ՝ կապված ժամկետների տեւողության եւ միայն մեկ տեսակի խափանման միջոց՝ կալանավորում նախատեսելու հետ, խնդրահարույց են մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։ Այս համատեքստում կալանավորումների վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առկա չէ, ուստի դրանց կիրառելիության հաճախականության մասին եզրահանգումներ անել հնարավոր չէ։ Իսկ հանձնումների վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ ե՛ւ ամենից հաճախ բավարարվող, ե՛ւ ամենից հաճախ մերժվող միջնորդությունների ցանկը գլխավորում է Ռուսաստանը, որին էլ հաջորդում են Իրանը, Գերմանիան եւ Վրաստանը։