Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) աջակցությամբ՝ տեղի է ունեցել երկօրյա սեմինար-քննարկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Այս մասին հայտնել է ԱՍՀ նախարարությունը։
Քննարկմանը մասնակցել և բանախոսությամբ հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, ԱՍՀ նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը, Լուսինե Քոչարյանը, Դավիթ Խաչատրյանը, Արաիկ Եսայանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Արտյոմ Սմբատյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը և պաշտոնատար այլ անձինք։
ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը խոսել է ոլորտային բարեփոխումների, նախատեսվող փոփոխությունների ու ծրագրերի մասին։ Նախարարը պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների կողմից բարձրաձայնված հարցերին՝ մանրամասն տեղեկություններ հաղորդելով բազմազավակ ընտանիքներին տրվող սոցիալական երաշխիքների, մայրության և անաշխատունակության նպաստների վճարման գործընթացի, կուտակային կենսաթոշակի տնօրինման, 114 զանգերի կենտրոնի աշխատանքի, անկանխիկ եղանակով կենսաթոշակի վճարման գործընթացի և այլնի վերաբերյալ։
ԱՍՀ նախարարի տեղակալները ներկայացրել են երեխայի ծննդով պայմանավորված աջակցությունները, անդրադարձել Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության, ընտանիքների անապահովության նոր գնահատման համակարգի ներդնման գործընթացներին․ ոլորտի մասնագետները պարզաբանել են նաև անձի ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգին, ապաինստիտուցիոնալացման քաղաքականությանը, խնամատարության ինստիտուտին, աշխատանքային վեճերի արտադատական կարգավորման նոր համակարգին, երեխայի պաշտպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։