armenpress.am Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել Խաղաղ օվկիանոսի արևելյան մասի միջազգային ջրերում նավարկող նավի, որը, նրանց պնդմամբ, օգտագործվում էր թմրակարտելների անդամների կողմից: Այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։
«Հետախուզությունը հաստատել է, որ հազիվ նշմարվող նավն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում թմրանյութերի մաքսանենգությանը հայտնի երթուղով և զբաղվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ», – ասվում է X սոցիալական հարթակում հրամանատարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը հավելում է, որ հարվածի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Ամերիկյան զինվորականները չեն տուժել։
Ըստ հաղորդագրության՝ «Հարավային նիզակ» գործողության միացյալ օպերատիվ խումբը հարվածը հասցրել է դեկտեմբերի 22-ին՝ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի կարգադրությամբ։
ԱՄՆ-ն թմրանյութերի դեմ պայքարի պատճառաբանությամբ վերջին շրջանում հարվածներ է հասցրել մի քանի տասնյակ նավերի. հարվածների հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել։