Ես ինձ մեղավոր չեմ համարում. մանրամասներ Բաքվի դատարանում Դավիթ Բաբայանի ու Լևոն Մնացականյանի եզրափակիչ ելույթներից | factor.am

factor.am  Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը շարունակվել է հայ գերիների եզրափակիչ ելույթներով։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ներկայացրել է մեղադրող կողմի պնդումներին հակընդդեմ փաստարկներ և հայտարարել  անմեղության մասին։

«Ես ինձ մեղավոր չեմ համարում որևէ հոդվածով»,- ասել է Բաբայանը։

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն էլ նշել է, որ ցանկանում է իր եզրափակիչ խոսքն ասել ռուսերեն։ Նրան նման հնարավորություն է ընձեռվել։ Մնացականյանը մեկնաբանել է այն մեղադրանքը, որ պատերազմում վարձկաններ են կռվել հայկական կողմից։

«Նրանք բոլորը կամավորներ էին. ոչ ոք նրանց չի հավաքագրել, նրանք վարձատրություն չեն ստացել»,- հայտարարել է Լևոն Մնացականյանը:

Նա խոսել է նաև, այսպես կոչված, «տուժող» Իլհամ Մամեդովի ցուցմունքի մասին, որը հոկտեմբերի 2-ի դատական ​​նիստի ժամանակ իր ցուցմունքում նշել էր, թե, իբր, Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները ծեծել և խոշտանգել են իրեն, և որ իրեն ծեծող սպաների մեջ հատկապես դաժան է եղել Լևոն անունով սպան։ Նա նաև դատարանի դահլիճում մատնացույց է արել Լևոն Մնացականյանին։ Վերջինը պնդել է, որ  Մամեդովը չի խոշտանգվել։

Բաքվում հայ ռազմաքաղաքական ղեկավարության դատական նիստերը լուսաբանում են միայն ադրբեջանական լրատվամիջոցները։ Նիստերի ժամանակ տեղի ունեցողի, հայ բանտարկյալների ցուցմունքների իսկությունը հավաստի եւ ոչ ադրբեջանական աղբյուրներում ստուգելու հնարավորություն առկա չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն