Հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման․ Բաբայանն ու Խզմալյանը անդրադարձել են ադրբեջանական ֆիլմում իրենց մասնակցությանը

Սամվել Բաբայանն ու Տիգրան Խզմալյանն արձագանքել են իրենց մասնակցությամբ ադրբեջանական լրատվամիջոցում հրապարակված Ռուբեն Վարդանյանի մասին ֆիլմին։

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Խզմալյանը նշել է, որ այդ հարցազրույցը վերցվել է մոտավորապես մեկ տարի առաջ մի սփյուռքահայ լրագրողի կողմից․ «Դա մոտավորապես այն ժամանակ էր, երբ մենք աշխատում էիք Եվրամիության անդամակցության օրենքի անցկացման վրա։ Եվ երբ հարց գնաց դրան ընդդիմացող ուժերի մասին, մի քանի մարդկանց անուններ էին շոշափվել, այդ թվում՝ նաեւ Ռուբեն Վարդանյանի։ Ես համաձայն եմ, որ գերեվարված պատանդի մասին խոսել ընդհանրապես չի կարելի, եւ քաղաքական, եւ բարոյական առումով ես անհարմար եմ հիմա զգում, որովհետեւ իմ հարցազրույցն այսօրվա կոնտեքստում բոլորովին այլ տեսք ունի, ինչի համար ցավում եմ։ Քանի որ դա գրեթե մեկ տարի առաջ վերցված բան էր, հիմա ես չեմ կարող որեւէ բան փոխել, դա նոր չեմ ասել»,- նշել էր Խզմալյանը։

Նշենք, որ ֆիլմում տեղ գտած հատվածում Խզմալյանը նշում է․ «Ռուբեն Վարդանյանը մեկն էր այն հայ օլիգարխներից, որոնք աջակցություն էին ստանում Ռուսաստանից՝ դառնալու Հայաստանի հաջորդ, պրոռուսական առաջնորդ։ Նա ենթադրում էր Հայաստան վերադառնալ որպես հերոս, Հայաստանի փրկիչ, որպես Պուտինի «Տրոյական ձի»։

Հարցազրույցի վերաբերյալ մեկնաբանություն է տարածել նաև Սամվել Բաբայանը՝ նշելով, որ հարցազրույց տալու առաջարկով դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։

«Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված և ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձևավորված նոր իրողություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին։

Մոտ երկու ժամ տևած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային և հետևողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել և բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից», – նշված է Բաբայանի հայտարարության մեջ։

Նշենք, որ ֆիլում տեղ գտած հատվածում Բաբայանը Ռուբեն Վարդանյանի մասին նշում է․ «Նա չի կարող լինել լիդեր․ նա բիզնեսմեն է, քաղաքական գործիչ չէ, պետականության և կառավարման մասին պատկերացում չունի։ Արցախի իշխանությունները, աշխատելով արտաքին որոշ ուժերի հետ, ստեղծեցին այս խնդիրները»։

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն