Համաշխարհային բանկը 250 մլն դոլար կտրամադրի Հայաստանում հիփոթեքային շուկայի զարգացման համար

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 250 մլն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։ Այս մասին հայտնում են Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակից։

Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF))՝ 24,4 մլն դոլարի չափով, և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ 10 մլն դոլարի չափով։

«Այս ծրագրի  հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռք բերման հարցում, ինչպես նաև նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը», – նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրն անհապաղ վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականների և հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքների ձեռք բերել մշտական բնակարաններ։ Այն նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի Ազգային հիփոթեքային ընկերությանը (ԱՀԸ)՝ բնակարանային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկեր առաջարկող առևտրային բանկերի վերաֆինանսավորումը հեշտացնելու և փախստականների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կառավարման համակարգերի արդիականացման համար։

Ծրագիրը նաև կամրապնդի ինստիտուցիոնալ և բնակարանային քաղաքականության շրջանակները և կբարելավի ԱՀԸ-ի կորպորատիվ կառավարումը։ Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային հիփոթեքային ընկերության ղեկավարությամբ՝ կառավարության վերահսկիչ կոմիտեի ռազմավարական վերահսկողության ներքո։

Ծրագիրը փոխլրացնում է զարգացման գործընկերների ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի զուգահեռ աջակցությունը։ Այն նաև համահունչ է միջազգային զարգացման գործընկերների, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿՓԳ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդասիրական օգնություն տրամադրելու, փախստականների ինտեգրումը հեշտացնելու և կենսապահովման միջոցները ընդլայնելու շարունակական ջանքերին։ Միասին այս ներդրումները կընդլայնեն բնակարանային ֆինանսավորման հասանելիությունը, կխթանեն մասնավոր հատվածի ներդրումները հիփոթեքային շուկայում և կօգնեն Հայաստանին առաջ շարժվել դեպի ավելի դիմակայուն, երկարաժամկետ և ներառական բնակարանային համակարգ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն