ԿԸՀ նախագահը նշեց 2026-ի խորհրդարանական ընտրությունների անցկացման հավանական օրը | armenpress.am

armenpress.am Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026թ հունիսի 2-12-ն ընկած միջակայքում, այդ ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է:

Այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Սահմանադրության կարգավորումներով ընտրությունների ենթադրվող ժամկետը հաջորդ տարվա հունիսի 2-12 միջակայքն է, ընտրությունները պետք է տեղի ունենան այդ տասնօրյակում»,-ասաց Հովակիմյանը:

Ընտրությունների օրը նշանակում է ՀՀ նախագահը: Նախագահի հրամանագիրը դեռևս չկա: Սակայն ԿԸՀ նախագահը նկատեց, որ բոլորը որպես ընտրությունների օր նկատի են ունենում հունիսի 7-ը:

«Իմ նշած ժամանակահատվածում միակ կիրակին հունիսի 7-ն է: Այսինքն՝ եթե նախագահը որոշի այլ օր՝ աշխատանքային օր նշանակել, ապա ոչ աշխատանքային օր հայտարարելու խնդիր կառաջանա, շղթայական նոր իրավական կարգավորումների անհրաժեշտություն կառաջանա»,-նշեց Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ խորհրդարանական ընտրությունների դեպքում ընտրությունները կիրակի օր նշանակելու պահանջ չկա օրենքով, սակայն ընդունված է, բոլորը գիտեն, որ պետք է լինի կիրակի օր: ԿԸՀ նախագահն ընտրությունների պաշտոնական օրն իմանալու համար հորդորեց սպասել ՀՀ նախագահի կողմից ընտրությունների օրվա նշանակմանը:

Հայաստանում խորհրդարանական նախորդ ընտրություններն անցկացվել էին 2021 թվականի հունիսի 20-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն