Դրամաշնորհ` Շուշանավանք եկեղեցու վերականգնման աշխատանքների իրականացման համար

Հակամարտության գոտիներում մշակութային ժառանգության պաշտպանության դաշինքի (ԱԼԻՖ) հոգաբարձուների գործադիր խորհուրդը հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած՝ Արմավիրի մարզի Բագարան գյուղի տարածքում գտնվող սահմանամերձ Շուշանավանք (7-րդ դ.) եկեղեցու վերականգնման դրամաշնորհային գումարը (471.674 ԱՄՆ դոլար): Այս  մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

ԿԳՄՍ նախարարության պատվերով և հատկացված միջոցներով Շուշանավանք եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը մշակել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Գիտանախագծային փաստաթղթերը, համաձայն սահմանված կարգի, քննարկվել են նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում և ստացել դրական եզրակացություն:

Դրամաշնորհային հայտը մշակել և ԱԼԻՖ-ի փորձագետների հետ հետագա քննարկումներն ապահովել է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հայտի ընդունման հարցում քաղաքական մակարդակով երկխոսությունն ապահովել է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ ի դեմս Ժնևում ՀՀ մշտական ներկայացուցչության:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ընթացքում ԱԼԻՖ-ի կողմից սա Հայաստանին տրամադրվող երկրորդ դրամաշնորհն է՝ Մատենադարանում արաբատառ ձեռագրերի վերականգնման լաբորատորիայի ստեղծման դրամաշնորհից հետո (74,836 ԱՄՆ դոլար):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն