Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր քննության առարկա դարձրեց 2020 թ․-ին ՀՀ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի (հայտնի է որպես Քիմիկների զորամաս) համալրման բաժանմունքի պետ, կապիտան Էլլադա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։
Հարությունյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մաս), որի համար քրեական պատասխանատվության ենթարկվելու ժամկետը 5 տարի է։ Քրեական օրենսդրության համաձայն՝ եթե այդ ժամկետը լրանում է, ապա անձի նկատմամբ քրեական հետապնդումը կարող է դադարեցվել՝ պայմանով, որ վերջինս չառարկի դրա դեմ։ Այս պայմանը էական է, քանի որ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը համարվում է ոչ արդարացնող հիմք, այսինքն՝ անձը փաստացի չի ունենում ո՛չ արդարացվածի, ո՛չ էլ մեղավոր ճանաչվածի կարգավիճակ։
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախորդ դատական նիստին դատարանը որոշել էր հանրային պաշտպան ներգրավել, որպեսզի Հարությունյանը նրա հետ քննարկի իր նկատմամբ վաղեմության հիմքով հետապնդումը դադարեցնելու հետեւանքները։
Հանրային պաշտպան Տաթեւիկ Հակոբյանն այսօր ներկայացել էր դատարան՝ միջնորդելու դադարեցնել իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը, քանի որ վերջինս առարկություն չունի։
Պաշտպանի միջնորդության դեմ առարկություն ներկայացրեց հանրային մեղադրող Դավիթ Նավասարդյանը՝ պատճառաբանությամբ, որ օրենսդրությունից բխում է, որ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հետապնդումը դադարեցնել հնարավոր է, եթե անձը չի վիճարկում իրեն մեղսագրված հանցանքը, այնինչ Էլլադա Հարությունյանը հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ միաժամանակ նշելով, որ ինքն առողջական խնդիրներ ունի (փաստաթղթերը ներկայացվել են դատարանին), ուստի չի ուզում, որ իր պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվեն․ «Կարծում եմ, որ նմանատիպ արգելքի [նպատակը], որ անձը չպետք է առարկի վաղեմության ժամկետ կիրառելու դեմ, նրանում է, որ ապահովվի անձի արարքի վերաբերյալ դատաքննությունը, եւ հիմնավորվի արարքը․․․ Այս հիմքով մենք ունենք դատավարական արգելք, եւ կարծում եմ, որ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմամբ հաստատված են համարվելու այն փաստական հանգամանքները, որ մեղսագրվում են Էլլադա Հարությունյանին»,- նշեց նա։
Մեղադրողի այս դիրքորոշմանը պաշտպանական կողմը համաձայն չէր․ հանրային պաշտպան Տաթեւիկ Հակոբյանը նշեց՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով հետապնդումը դադարեցնելն ինքնին չի ենթադրում որեւէ փաստի արձանագրում՝ անձը մեղավոր է թե անմեղ, եւ չկա օրենսդրական որեւէ կարգավորում, ըստ որի՝ անձը պետք է հայտարարի իր մեղավորության կամ անմեղության մասին․ «Այս առնչությամբ իմ պաշտպանյալն իր դիրքորոշումը չի բացահայտում, միեւնույն ժամանակ չի առարկում, որ հետապնդումը դադարեցվի ոչ արդարացնող հիմքով»,- ասաց նա։
Դիրքորոշում հայտնեց նաեւ մեղադրյալներից Սարգիս Կուլակչյանի պաշտպան Մարտիկ Մարտիրոսյանը՝ նշելով, որ այս գործը քննվում է Քրեական դատավարության նախկին օրենսգրքի կարգավորումներով, որոնք էլ անձին չեն պարտադրում մեղքն ընդունել, որպեսզի վաղեմություն կիրառվի։ Միաժամանակ Մարտիրոսյանը ընդգծեց՝ եթե Էլլադա Հարությունյանի մեղավորությունը հաստատված համարվի, ապա ինչ-որ առումով կիմաստազրկվի իր պաշտպանյալի մասնակցությունը դատական նիստերին, քանի որ նրանց մեղադրանքը վերաբերում է միեւնույն դրվագին։
Հիշեցնենք՝ այդ դրվագն առնչվում է ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի որդու՝ Գեւորգ Նշանյանի՝ ծառայությունից խուսափելու հանգամանքը առերեւույթ կոծկելու դրվագին։ Ըստ գործի նյութերի՝ Էլլադա Հարութունյանը Սարգիս Կուլակչյանի ցուցումով 2020 թ․ հոկտեմբերի 24-ին Գեւորգ Նշանյանին հրամանագրել է որպես զորամասի հիմնական կազմի հետ մարտական ծառայությունից զորամաս վերադարձած զինծառայող՝ այն պարագայում, երբ վերջինս զորամասի հրամանատարի թույլտվությամբ լքել է մշտական տեղակայման վայրը՝ զոհված ազգականի դին գտնելու եւ հուղարկավորելու նպատակով, եւ ծառայակից քիմիկների հետ չի մասնակցել մարտական գործողությունների։
Տուժողների իրավահաջորդները մտահոգություն հայտնեցին, որ սա կդառնա «վատ օրինակ», եւ վաղն էլ գուցե մեկ այլ մեղադրյալ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով ազատվի քրեական պատասխանատվության ենթարկվելուց։
Դատարանը պարզաբանեց, որ մյուս մեղադրյալներին առաջադրված են ծանր եւ առանձնապես ծանր մեղադրանքներ, ուստի դրանցով վաղեմությամ ժամկետի լրանալու խնդիր առաջիկա տարիներին չկա (նշենք, որ ըստ նախկին ՔՕ-ի՝ ծանր հանցանքի մեջ մեղադրվելու դեպքում անձը ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ենթադրյալ հանցանքը ավարտված համարվելու օրվանից անցել է 10 տարի, իսկ առանձնապես ծանր հանցանքի մեջ մեղադրվելու դեպքում՝ 15 տարի)։
Լսելով կողմերի դիրքորոշումը՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ հրապարակեց որոշումը․ Էլլադա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։
Որոշման ուժի մեջ մտնելուց հետո նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը կվերացվի։
Նշենք, որ այս քրեական գործը դատարանում է արդեն 3 տարի, եւ այս ընթացքում դատարանը հարցաքննել է 50 վկաների, ավելի քան 40 վկայի հարցաքննություն էլ դեռեւս սպասվում է։
Քրեական գործով մեղադրյալի աթոռին են նաեւ 2020 թ․-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը եւ այդ ժամանակ Քիմիկների զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Աբգարյանը։ Նրանց մեղադրանքները առնչվում են 2020 թ․ հոկտեմբերի 21-ին Ներքին Հանդ եւ Կովսական ուղղություններով սանրման աշխատանքներ իրականացնելու օպերացիային, որի ժամանակ էլ քիմիկների անձնակազմը ընկել է շրջափակման մեջ եւ զոհվել կամ անհետ կորել։
Մեղադրյալները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում։
Գլխավոր լուսանկարում՝ Էլլադա Հարությունյանը